07 11 2023

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ՀՀ-ում ևս կունենան կենսաթոշակ և նպաստ ստանալու իրավունք. նախարար

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ՀՀ-ում ևս կունենան կենսաթոշակ և նպաստ ստանալու իրավունք. նախարար

Օրենսդրական և տեխնիկական աշխատանքներ են կատարվում, որպեսզի կարողանանք հնարավորություն ստեղծել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կենսաթոշակների և նպաստների իրավունքի իրացման համար: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը:

Ըստ նախարարի՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածները ՀՀ-ում ևս կունենան կենսաթոշակ և նպաստ ստանալու իրավունք, եթե կբավարարեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պայմաններին:

«ԼՂ-ում կենսաթոշակ կամ նպաստ ստացած լինելու հանգամանքից անկախ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք ՀՀ-ում կենսաթոշակի կամ նպաստի իրավունք ձեռք կբերեն, և քանի որ որոշակի բյուրակրատական պրոցեսներ դա կարող էր ենթադրել, մենք այդ պրոցեսները շրջանցելու համար օրենսդրության մեջ տարբեր փոփոխություններ ենք նախաձեռնել, և օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնելուց, քննարկել, հաստատելուց հետո կկարողանանք բոլոր այն հայրենակիցներին, որոնք ԼՂ-ում ունեցել են կենսաթոշակի իրավունք, շարունակենք տրամադրել իրենց կենսաթոշակները և նպաստները»,- ասաց նախարարը, ապա տեղեկացրեց, որ բոլոր այն անձինք, որոնց կենսաթոշակային տարիքը լրացել է ՀՀ-ում գտնվելու ժամանակահատվածում, նրանք ևս պետք է դիմեն կենսաթոշակի իրավունք ստանալու համար:

«Կենսաթոշակի իրավունք ստանալու համար կարևոր է, որ մեր հայրենակիցները դիմեն սոցիալական ծառայության տարածքային գրասենյակներ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ՀՀ-ում գործում են Միասնական սոցիալական ծառայության 49 կենտրոններ, և որ դրանց հասցեները հրապարակված են:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ եթե ԼՂ-ի բռնի տեղահանվածի՝ կենսաթոշակ ստանալու իրավունք տվող տարիքը լրացել է մինչև հոկտեմբերի 28-ը, ապա նրանց կենսաթոշակ կվճարվի հոկտեմբերի 28-ից սկսած:

«Կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար օրենսդրությամբ ամրագրված պարտադիր պայման է ՀՀ բնակության վայրի հասցեով վայրի հաշվառված լինելը: Սա նշանակում է, որ մեր հայրենակիցները մինչև Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ ներկայանալը և դիմում ներկայացնելը պետք է անպայման հաշվառված լինեն այն վայրի հասցեով, որտեղ տվյալ պահին բնակվում են, որից հետո մենք կկարողանանք մշակել իրենց տվյալները և կենսաթոշակի կամ նպաստի իրավունք տալ»,- ասաց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ