12 10 2023

Մանկապարտեզներին հրահանգավորել են Արցախից տարհանված երեխաներին վերցնել միայն այն դեպքում, երբ կա թափուր տեղ

Մանկապարտեզներին հրահանգավորել են Արցախից տարհանված երեխաներին վերցնել միայն այն դեպքում, երբ կա թափուր տեղ

Մարիամ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Քանի օր է զանգում, մոտենում եմ Արաբկիր թաղամասի բոլոր պետական մանկապարտեզներ (մասնավորի գները պարզելուց հետո, դրանք որպես տարբերակ չդիտարկեցի) կրտսեր խմբում զույգ բալիկներիս տեղավորելու հարցով, պատասխանը հետևյալն է.
-Տեղ չունենք, կարգը այնպես է, որ իրավունք չունենք 20 երեխայից ավել խմբեր ունենալ, մեզ հրահանգավորել են Արցախից տարհանված երեխաներին վերցնել միայն այն դեպքում, երբ կա թափուր տեղ:
-Բայց դուք հասկանում եք չէ՞, որ ճգնաժամային իրավիճակում թղթի վրա գրված ստանդարտներով չեն առաջանորդվում:
-Դե, եթե թույլ տան կընդունենք, բայց այս պահին թույլտվություն չկա:
Այսինքն որևէ այլ արտոնություն չկա՞
-Կա, ընդունվելու դեպքում անվճար է)
Բոլոր մանկապարտեզներից բացասական պատասխան ստանալուց հետո, բայց հույս ունենալով, որ հնարավոր չէ լուծման որևէ այլ տարբերակի առաջարկ չլինի զանգում եմ կրթության նախարարություն: Պատասխանը կտրուկ էր.
-Զանգեք քաղաքապետարան, մենք կապ չունենք, ընդամենը ծրագիր գրող ենք:
Զանգում եմ քաղաքապետարան: Քաղաքապետարանի աշխատակիցը լսելով իմ բացատրությունները՝ սառը տոնով պատասխանում է.
-Այո, ձեզ ճիշտ տեղեկություն են տրամադրել, պետք է հերթագրվեք ու սպասեք ձեր հերթին, տեղերը սահմանափակ են, դիմորդները շատ, ձեզ նման շատ ծնողների երեխաներ դուրս են մնացել ցուցակից, ու էս ասածների մեջ զրո էմոցիա ու ապրումակցում:
Հուզմունքս մի կերպ զսպելով՝ հարցնում եմ.
-Դուք իմ կարգավիճակում հայտնվածներին համեմատում ե՞ք նախօրոք հերթում գրանցված ու դուրս մնացածների հետ: Հասկանում ե՞ք չէ մեզ ինչքան է պետք աշխատելը, միթե՞ որևէ լուծում չկա:
-Ոչ, չկա:
Աչքիս առաջ եկավ սեպտեմբերի 19-ի տեսարանը.
Ճաշի ժամ էր, աշխատանքից վերադարձա տուն, կոշիկներս հանելուն պես պայթունի ձայն լսեցի: Վազելով հասա պատուհանի մոտ. բոլորը վազում էին: Հասկացա՝ նորից պատերազմ է սկսվել: Ամուսինս այդ պահին երեխաներին էր քնեցնում, որոնց մանկապարտեզ չէի ուղարկել հիվանդության պատճառով: Քնաթաթախ, ջերմող երեխաներիս վերցրեցի ու վազելով իջանք նկուղ: Այդ օրը մենք չէին մտածում, որ կորցնում ենք տուն, տեղ աշխատանք, հայրենիք, մենք միայն փրկության մասին էինք մտածում:
Չգիտեմ մտածում եմ, արժե՞ր այդ մի փոքրիկ հատվածը մեր ապրած դժոխքից պատմել այդ աղջկան, գուցե մոտը ապրումակցման նշույլ առաջանար, բայց երևի ճիշտը չպատմելն էր:
Բոլորս շատ լավ գիտենք, որ կարճ ժամանակ հետո մենք մեր խնդիրների հետ մենակ ենք մնալու, երկարաժամկետ լուծումներ են պետք, որոնք ցավոք պետության կողմից չեն ձեռնարկվում: Մասնավոր հատվածը մեծ բեռ է իր վրա վերցրել, որի համար երախտապարտ ենք:
Մենք մուրացկան չենք, ընդամենը պահանջում ենք պայմաններ ստեղծել, կաշխատենք ու մեր գլխի ճարը կտեսնենք:
Խնդրում եմ տարածել գրառումը, գուցե պատկան մարմիններին տեղ հասնի, վստահ եմ, որ իմ կարգավիճակում շատերն են հայտնվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ