25 08 2023

«Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավ օր 2. Օրվա ամփոփում



«Մայր Հայաստան» դաշինքն արաբկիրցիների՝ 1975 թ․ հիմնված պուրակից սկսեց քարոզարշավի 2-րդ օրը։ Արաբկիրցիների հետ հանդիպմանը դաշինքի անդամները կոչ արեցին մասնակցել ընտրություններին, քանի որ դա իրական հնարավորություն է Երևանում իշխանափոխության միջոցով հասնելու համապետական մասշտաբի իշխանափոխության և ապահովելու Արցախի և Հայաստանի անվտանգությունը։

Արաբկիրցիներից մեկը «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի հետ զրույցում ասաց, որ ծագումով Սյունիքից է և շատ մտահոգ է Գորիսի համար, որը վերջին շրջանի զարգացումների պատճառով բոլոր կողմերից շրջապատված է ադրբեջանցիներով։

«Մենք հենց այդ խնդիրները լուծելու համար ենք ուզում մասնակցել սեպտեմբերի 17-ի ընտրություններին։ Եվ շատ կարևոր է ձեր մասնակցությունը, որ երկրում իրականացնենք այնպիսի փոփոխություն, որ այդ անվտանգային հարցերը լուծվեն։ Դրա համար ձեր մասնակցությունն ավագանու ընտրություններին շատ կարևոր է»,-վստահեցրեց Անդրանիկ Թևանյանը։ Արաբկիրցի կինը խոստացավ մասնակցել։

Վարչական այդ շրջանում «Մայր Հայաստանի» թիմը շրջում էր Անդրանիկ Թևանյանի հեղինակած երգի ուղեկցությամբ, որը կոչ է անում․ «Հայե՛ր, հայե՛ր, ոտքի՛»։ Դաշինքի առաջնորդը ներկայացրեց գործողությունների հերթականությունը։

«Մեր ճանապարհային քարտեզը հետևյալն է․ փոփոխություններ իրականացնելով Երևանում՝ դուք հնարավորություն եք ունենում ստանալ մի պատկեր, որից հետո կարելի է արդեն գնալ համապետական մասշտաբով իշխանափոխության, ձևավորել նոր կառավարություն և անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դուք արդեն կարող եք ձևավորել այնպիսի իշխանություն, որն ունենա լեգիտիմ իրավունք ձեր անունից հանդես գալու»,-ասաց Անդրանիկ Թևանյանը։

«Նիկոլ Փաշինյանը, դրժելով խոստումը, Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս,-նկատեց Թևանյանը,-դա Հայաստանի անկախության հռչակագրին է հակասում, հակասում է մեր Սահմանադրությանը և ամբողջ օրենսդրությանը, հակասում է մեր պետության ձևավորման սկզբունքներին։ Մասնակցելով ընտրություններին՝ երևանցիները հնարավորություն ունեն ձևավորելու նոր՝ լեգիտիմ իշխանություն։ Մենք գտնում ենք, որ բոլոր այն խնդիրները, որոնք կան ե՛ւ մայրաքաղաքում, ե՛ւ մեր երկրում ընդհանրապես, հնարավոր է լուծել նոր իշխանությունների միջոցով։ Այն փոփոխությունները, որ մենք ակնկալում ենք, որ լինեն Երևանում, կարող են բերել փոփոխությունների ամբողջ Հայաստանում»։

Թևանյանը կոչ արեց ներդրում ունենալ Հայաստանի և Արցախի անվտանգության գործում՝ սեպտեմբերի 17-ին քվեարկելով N 14-ի՝ «Մայր Հայաստան» դաշինքի օգտնին:

«Կոչ ենք անում սեպտեմբերի 17-ին քվեարկել N 14-ի՝ «Մայր Հայաստան» դաշինքի օգտին, որը միակ ընդդիմադիր ուժն է, որ հստակ գնահատականներ ունի վերջին 5 տարվա ընթացքում տեղի ունեցած քաղաքական գործընթացների վերաբերյալ, գործող իշխանությունների վերաբերյալ և որն ունի հստակ ճանապարհային քարտեզ՝ մեր երկրում քաղաքական, սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական փոփոխություններ իրականացնելու։ Մեր կարգախոսն է՝ «Միացի՛ր, որ փոխենք»։ Մենք ձեր քվեի ակնկալիքն ունենք, ակնկալում ենք մեր քաղաքացիների ակտիվ մասնակցությունը և հստակ դիրքորոշումը երկրում ստեղծված իրավիճակի մասին»,-արաբկիրցիների հետ հանդիպմանն ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

Նա վստահեցրեց, որ երևանցիներն իրենց քվերարկությամբ կարող են նաև կոռուպցիոն երևույթների դեմն առնել՝ մատնացույց անելով Արաբկիրի «Մերգելյան պուրակում» ընթացող կասկածելի կառուցապատումը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ