Հայաստանում Չինաստանի դեսպանատանը օգոստոսի 17-ին տեղի է ունեցել ԶԼՄ-ների ներկայացուցիչների ընդունելություն, որին մասնակցել են Արտաքին գործերի նախարարության Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների վարչության, լրատվության և հանրային դիվանագիտության վարչության ղեկավարները, «Yerevan Today» լրատվական կայքի, «Արմենպրես» լրատվական գործակալության, Հանրային ռադիոյի և հեռուստատեսության, NEWS.am անկախ լրատվական-վերլուծական գործակալության, Sputnik լրատվական գործակալության, «Գոլոս Արմենիի» թերթի, «Armenia Today» տեղեկատվական-վերլուծական պորտալի, «Ժողովուրդ» թերթի, «ABNews» լրատվական-վերլուծական հեռուստատեսության և այլ տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում Չինաստանի Հանրապետության դեսպանատունը՝ նշելով, որ ի ր ելույթում Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնը բարձր է գնահատել հայկական լրատվամիջոցների դրական ներդրումը Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման, երկու երկրների միջև միջանձնային և մշակութային փոխանակումների և ավանդական բարեկամության ամրապնդման գործում։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել և հաստատել Հայաստանում Չինաստանի դեսպանատան պատրաստակամությունը՝ շարունակելու խորացնել փոխանակումներն ու համագործակցությունը հայկական լրատվամիջոցների հետ տարբեր ձևաչափերով։
Իր ելույթում դեսպան Ֆան Յոնը պատմել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարի մասին և ներկայացրել չինական ոճով Չինաստանի արդիականացման ուղին։ Նա ընդգծել է, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարն անց է կացվել այնպիսի առանցքային պահի, երբ Չինաստանը թևակոխում է սոցիալիստական արդիականացված երկրի համապարփակ կառուցման նոր փուլ և շարժվում դեպի իր երկրորդ հարյուրամյա նպատակը։ Համագումարը ձեռք է բերել մի շարք կարևոր քաղաքական, տեսական և գործնական արդյունքներ։
«Չինական արդիականացումը» Չինաստանի ազգային առանձնահատկություններին համահունչ զարգացման ուղի է, որով երկար ու դժվարին փնտրտուքների միջոցով անցել է չին ժողովուրդը՝ Չինաստանի կոմունիստական կուսակցություն գլխավորությամբ։ Այս ուղին զարգացող երկրների համար ընդլայնել է արդիականացման ուղիների ընտրության հնարավորությունները, ինչն ավելի մեծ օգուտ կբերի աշխարհի բոլոր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին։
Դեսպան Ֆան Յոնգը խոսել է Գլոբալ զարգացման, գլոբալ անվտանգության և գլոբալ քաղաքակրթության նախաձեռնությունների մասին՝ նշելով, որ «Երեք գլոբալ նախաձեռնությունները» սերտորեն կապակցված են և փոխադարձաբար լրացնում են միմյանց, նպաստում են մարդկության համար ընդհանուր ապագա ունեցող համայնքի կառուցման գործին, արտացոլում են ավելի լավ աշխարհ կառուցելու համար չինական ծրագիրը, ինչպես նաև մատնանշում Չինաստանի և Հայաստանի միջև հետագա համագործակցության ուղղությունները։
Չինական կողմը հուսով է, որ Գլոբալ զարգացման նախաձեռնությունը շուտով կիրականացվի նաև Հայաստանում, և ողջունում է հայկական կողմի շուտափույթ անդամակցումը «Գլոբալ զարգացման նախաձեռնության ընկերների խմբին»: Չինական կողմը պատրաստ է աշխատել հայկական կողմի հետ՝ իրականացնելու Գլոբալ անվտանգության և Գլոբալ քաղաքակրթության նախաձեռնությունները, համատեղ լուծել ավանդական և ոչ ավանդական անվտանգության խնդիրները, ամրապնդել քաղաքակրթությունների միջև փոխանակումներն ու սովորել միմյանցից՝ ի շահ ընդհանուր զարգացման ու բարգավաճման:
Դեսպան Ֆան Յոնը ներկայացրել է հայ-չինական հարաբերությունների զարգացումն ու համագործակցությունը։ Նա նշել է, որ առաջին հերթին երկկողմ հարաբերությունները պահպանում են առողջ և կայուն զարգացում։ Անցյալ տարի երկու երկրները նշել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Այս տարի համաճարակային իրավիճակը բարելավվել է, և կողմերի միջև բոլոր մակարդակներում փոխանակումներն արագ տեմպերով աճել են։ Ակնկալվում է, որ ամենաբարձր մակարդակով փոխայցելությունները նոր լիցք կհաղորդեն երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Երկրորդ՝ «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ կառուցումը տվել է բեղմնավոր արդյունքներ։ Չինաստանը Հայաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերն է, և համագործակցության այնպիսի նախագծեր, որոնցից է օրինակ Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցումը, սահուն առաջ են ընթանում: Չինական կողմը հրավիրում է հայկական կողմին մասնակցելու Չինաստանի 6-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսին՝ բացահայտելու համագործակցության նոր հնարավորություններ: Երրորդ՝ հումանիտար և տեղական համագործակցությունը վերելք է ապրում: Հայաստանում չինարեն լեզվի հանդեպ սերը շարունակում է թեժանալ, չինական Ցինդաո քաղաքը և Երևանը դարձել են քույր քաղաքներ։ Չինական կողմը պատրաստ է համագործակցել հայկական կողմի հետ՝ բարելավելու Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամական և համագործակցային հարաբերությունները։ Դեսպանը վստահություն է հայտնել, որ ԶԼՄ-ներն ակտիվորեն կընդգծեն Չինաստանի զարգացումը և հայ-չինական համագործակցության ձեռքբերումները երկկողմ հարաբերությունների զարգացման համար բարենպաստ սոցիալական միջավայր ստեղծելու նպատակով։
Դեսպան Ֆան Յոնը պատասխանել է լրագրողների հարցերին։ Հայ-չինական հարաբերությունների ներկա զարգացման գնահատականի վերաբերյալ դեսպան Ֆանը նշել է, որ երկրների միջև հարաբերությունները շարունակում են կայուն և առողջ զարգանալ, կողմերը մտադիր են սերտորեն պահպանել բարեկամական կապերը բոլոր մակարդակներում, ընդլայնել փոխանակումներն ու համագործակցությունը տնտեսության, տրանսպորտի, ենթակառուցվածքների, մշակույթի և այլ ոլորտներում՝ «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում:
Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ դեսպան Ֆան Յոնը նշել է, որ Չինաստանն իր մտահոգությունն է հայտնում ստեղծված իրավիճակի և այդ իրավիճակից բխող հումանիտար հետևանքների վերաբերյալ։ Չինաստանը հույս ունի, որ կողմերին կհաջողվի խնդիրը լուծել երկխոսության ու հաղորդակցության ճանապարհով։ Չինաստանը պատրաստ է ակտիվորեն նպաստել կառուցողական գործընթացներին և աշխատել այլ երկրների հետ՝ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու, ինչպես նաև մարդկանց կյանքի համար խաղաղ պայմաններ ապահովելու համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը