Yerkir.am-ը գրում է․ Օրերս գրել էինք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրում պաշտոնատար անձի` 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի եվ շահերի հայտարարագրում իբրև հաշվետու տարվա եկամուտ նշել է նաև նվիրատվության կամ օգնության կարգով ստացված դրամական միջոցներ, այն է՝ 13,400 եվրո, 22,000 ԱՄՆ դոլար և 19,750,000 դրամ: Դոլարով արտահայտված՝ ամբողջը կազմում է մոտ 105,000 ԱՄՆ դոլար:
Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ստացված գրավոր տեղեկության՝ Պապիկյանի նշած դրամական միջոցները հանդիսանում են վերջինիս հարսանեկան արարողության ընթացքում ստացված նվիրատվություններ: Ավելին, ըստ Հանձնաժողովի մատնանշած օրենքի՝ նվիրատվության կարգով ստացված գույքը և դրամական միջոցները հանդիսանում են օրինական եկամուտ:
Մենք լավագույնս հասկանում ենք, որ նվիրատվությունն արգելված չի, մարդն իրավունք ունի իր հարսանիքին ստանալու նվերներ, և Հանձնաժողովի հաստատումները և մանիպուլյացիայի փորձերը ոչ թե պատասխանեցին մեր հարցերին, այլ ծնեցին նոր հարցեր, որոնք և կրկին ուղղում ենք հրապարակային:
Հաջորդ խնդիրը: Ըստ սահմանված կարգի՝ 2 մլն-ից ավելի ծախսերը հայտարարագրման ենթական են: Հայտարարագրից պարզ չէ՝ արդյո՞ք Պապիկյանը հայտարարագրել է իր բազմամիլիոնանոց հարսանիքի ծախսերը: Մյուս հարցը՝ արդյո՞ք 300,000 դրամից ավելի ծախսերը կատարել է անկանխիկ եղանակով:
Այդ ի՞նչ տրամաբանությամբ են Պապիկյանին նվիրաբերած միջոցները համարվում օրինական եկամուտ, իսկ, օրինակ, Հովիկ Աբրահամյանի անշարժ գույքերից ոմանք՝ ոչ: Չէ՞ որ Հովիկ Արգամիչն այնքան էլ միամիտ չէ և կարող է ժամանակին դրանք ձևակերպած լինել իբրև ծնունդի, հարսանիքի, կնունքի կամ առաջին սիրո 30 ամյակի խնջույքներին ներկա անձանց կողմից կատարած նվիրատվություններ:
Եվ վերջում՝ եթե Պապիկյանը չլիներ նախարար, արդյո՞ք կստանար այդչափ նվիրատվություն իր հարսանիքին: Իհարկե ոչ: Հետևաբար՝ արդյո՞ք այդ նվիրատվությունները նա չի ստացել, ուշադրություն, պաշտոնի բերումով, և երևույթն արդեն իսկ ունի կոռուպցիոն երանգավորում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը