15 08 2023

Պատվո մեդալ՝ Փաշինյանի իշխանության աջակից հեռացող ԵՄ դեսպանին

Պատվո մեդալ՝ Փաշինյանի իշխանության աջակից հեռացող ԵՄ դեսպանին

 

Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 15-ին ընդունել է մեր հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտող Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին:

Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Եվրոպական միության հետ հարաբերությունների ամրապնդման ու խորացման, Հայաստանի կայուն զարգացման գործում դեսպանի ունեցած մեծ ներդրման համար:

«Ճանաչելով Ձեզ և տեսնելով մեր երկրի համար Ձեր սրտացավ աշխատանքը ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցերում՝ վերահաստատում եմ ժողովրդավարական արժեքներին մեր հավատարմությունը և ջանքեր չխնայելու պատրաստակամությունը»,- ըստ ԱԺ լրատվականի՝ ասել է Ալեն Սիմոնյանը:

Անդրեա Վիկտորինն էլ հավաստիացրել է, որ ԵՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին աջակցող առաջնային գործընկեր:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման և ժողովրդավարության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Անդրեա Վիկտորինին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Պատվո մեդալով:

Նշենք, որ ԵՄ դեսպան Վիկտորինը որևէ կերպ չի անդրադառնում Հայաստանի այսօրվա իշխանության կողմից իրականացվող մերժելի ու դատապարտելի գործողություններին, քաղաքական հալածանենքրին, ոստիկանական տեռորին և բազմիցս աջակցություն է հայտնել իշխանությանը։

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը համացանցային էջում հրապարակել էր Նորվեգիայում իր ժամանցից լուսանկարներ, այն դեպքում, երբ Հայաստանում ողբերգական վթարը 11 կյանք էր խլել, և երկրում չհայտարարված սուգ էր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ