03 08 2023

Անդրեա Վիկտորինը պարգևատրվել է

Անդրեա Վիկտորինը պարգևատրվել է

Օգոստոսի 3-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին։Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

«Վահե Ղազարյանը, բարձր գնահատելով Եվրոպական Միության հետ վաղեմի և արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել Անդրեա Վիկտորինին՝ դիվանագիտական առաքելության ընթացքում Հայաստանի ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումներին ցուցաբերած աջակցության, Եվրամիության հետ փոխգործակցությունն առավել զարգացնելու, ինչպես և ծրագրային նոր ուղղություններ որդեգրելու ուղղությամբ անձնական մեծ ներդրումի համար։

Ներքին գործերի նախարարը վերահաստատելով բարեփոխումները հաջողությամբ ավարտին հասցնելու կամքը՝ ԵՄ-ի հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել։

Եվրամիության պատվիրակության ղեկավարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ երկկողմ համագործակցության շրջանակներում մեծագույն ձեռքբերում էր Ներքին գործերի նախարարության ձևավորումը և ոլորտի մյուս ուղղություններով հաջողությունների գրանցումը։

Կողմերը քննարկել են համագործակցության առկա ծրագրերն ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Հանդիպման ավարտին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը Անդրեա Վիկտորինին պարգևատրել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով»,- ասվում է հաղորդագրությունում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ