Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը հարցազրույց է տվել «Արմենպրես»-ին: Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված:
- Տիկի՛ն դեսպան, ի՞նչ հեռանկարներ եք տեսնում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման համար՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի տևական և համապարփակ հանգուցալուծումը և ավելի լայն առումով՝ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը՝ նկատի ունենալով պատերազմից հետո Ռուսաստանի, հետո նաև Եվրամիության ղեկավարության միջնորդությամբ տեղի ունեցած բանակցությունները հումանիտար խնդիրների, տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի և այլ հարցերի շուրջ:
- Նախ և առաջ, Եվրամիությունը շահագրգռված է կողմերի հաշտեցմամբ և հիմնախնդրի կայուն լուծմամբ: Մենք ցավում ենք տեղի ունեցած յուրաքանչյուր միջադեպի համար: Անհրաժեշտ է ապահովել համապատասխան միջավայր, որը կերաշխավորի առաջընթաց Ձեր նշած մի քանի հարցերում: Այս համատեքստում պետք է ասեմ, որ հարկավոր է ավելին անել մնացած գերիներին վերադարձնելու, ականազերծման ոլորտում, ինչպես և անհայտ կորածների որոնման մեջ առաջընթացի հասնելու համար: Իսկապես, մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերը և կողմ ենք հակամարտության հետ կապված բոլոր խնդիրների համապարփակ կարգավորմանը: Եվրամիությունը վճռականորեն աջակցում է սահմանային խնդիրների, տարածաշրջանում հաղորդակցության կապերի ապաշրջափակման, խաղաղության պայմանագրի շուրջ ընթացիկ և ապագա բանակցություններին և հաշտեցման ջանքերին: 2020 թ. պատերազմի ավարտից ի վեր մենք ներգրավված ենք գործընթացին ամենաբարձր մակարդակով՝ հանձին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ի հավելումն առկա այլ ջանքերի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու նպատակով: Մեր նպատակն է տեսնել հաջողություններ բոլոր այս ոլորտներում:
- Առանցքային հարցերից մեկն այսպիսի դեպքերում դիվանագիտական բանակցությունների ձևաչափն է՝ խնդրի քաղաքական լուծմանը հասնելու նպատակով: Եթե մինչև 2020 թ. պատերազմը բավական հստակ էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հովանու ներքո, որոնք ընդհանուր առմամբ կառուցողականորեն համագործակցում էին Մինսկի խմբի շրջանակում, ապա այժմ իրավիճակն ավելի անորոշ է. Մոսկվան վերջին ամիսներին պնդում է, որ արևմտյան գործընկերները հրաժարվել են աշխատել Ռուսաստանի հետ Մինսկի խմբում, սակայն Ֆրանսիան և Միացյալ Նահանգները պաշտոնապես հայտարարում են, որ իրենք պատրաստ են շարունակել աշխատանքը, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ: Այս լույսի ներքո շատ ուշագրավ են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գործադրած ակտիվ դիվանագիտական ջանքերը: Նրա միջնորդությամբ արդեն երեք-չորս հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև: Շառլ Միշելի միջնորդությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի տրամաբանության մե՞ջ է, թե՞ ինչ-որ առումով առանձին կամ զուգահեռ նախաձեռնություն է:
- Եվրամիության դիրքորոշումը շատ հստակ է եղել մինչև պատերազմը և նաև պատերազմի ընթացքում, որ մենք լիովին աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո գործընթացի առաջմղմանը: Գործընթացն, իրոք, առաջնորդում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այո՛, դուք իրավացի եք՝ Եվրոպական միությունն այժմ ավելի ակտիվ դիրք է ստանձնել և տեսանելի դեր է խաղում հնարավոր ամենաբարձր մակարդակով՝ ի դեմս նախագահ Միշելի, ինչպես նաև Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի կանոնավոր խորհրդակցությունների և այցերի միջոցով: Նա կրկին այստեղ էր հուլիսի 13-ին և 14-ին: Այնպես որ, մենք մշտական կապի մեջ ենք, նախագահ Միշելը անձամբ է ներգրավված:
Այս ջանքերը ոչ մի կերպ մրցակցության նպատակ չունեն կամ ուղղված չեն այլ դերակատարների դեմ. պետք է ընդգծեմ սա, քանի որ շատ են շահարկումներն այս հարցի շուրջ: Մենք պետք է խոսենք փոխլրացման, ոչ թե մրցակցության մասին:
Երեք եռակողմ հանդիպումները՝ 2021 թ. դեկտեմբերին, 2022 թ. ապրիլին և մայիսին Բրյուսելում, նպատակ ունեին աջակցելու կայուն հանգուցալուծմանը: Միևնույն ժամանակ, ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նախաձեռնեց բարձր մակարդակի հանդիպումներ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի միջև: Այս բարձր մակարդակի միջնորդությունները, շփումների որակը այն ավանդն է, որ մենք կարող ենք ունենալ այս գործում, և Եվրամիությունն իսկապես հանձնառու է շարունակելու մեր ջանքերն այս ձևաչափերում: Բնականաբար, մենք լսում ենք երկու երկրների ցանկությունները: Բայց կրկնում եմ՝ սա մրցակցություն չէ, սա փոխլրացում է այլ ջանքերի միջոցով: Մենք ողջունում ենք նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ուղիղ շփումը, որ տեղի ունեցավ հուլիսի 16-ին Թբիլիսիում: ԵՄ-ն ողջունում է ուղիղ կապը, որ հաստատվել է երկու արտգործնախարարների միջև: Կարծում եմ՝ բոլոր այս տարրերը միավորվում են, և ջանքեր են գործադրվում երկու երկրների միջև կայուն լուծում գտնելու նպատակով:
- Եվ վերջին հարցը. տեսնո՞ւմ եք արդյոք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման իրական հնարավորություններ՝ նկատի ունենալով հատուկ ներկայացուցիչների մակարդակով սկսված դիվանագիտական երկխոսությունը: Ո՞րն է Եվրամիության դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ՝ հատկապես հայ-թուրքական սահմանի բացման հնարավորության առումով:
- Եվրամիությունը միշտ ակտիվորեն աջակցում է հարաբերությունների նորմալացման գործընթացներին: Հրապարակային հայտարարություններ են եղել՝ ընդգծելով, որ մենք աջակցում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ քննարկումների նախաձեռնությանը: Հույս ունենք, որ սա կտանի դեպի կարգավորում: Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հեռախոսազրույցը կարևոր քայլ էր առաջ: Եվրամիությունը տարիներ շարունակ ակտիվ է եղել և աջակցել է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը: Մենք ուզում ենք առաջընթաց տեսնել, քանի որ կարծում ենք, որ դա շահավետ է ժողովուրդների համար և նոր հնարավորություններ կբացի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը