10 08 2023

Երբ գալիս է ամառը, մենք ջրին «կակա» ենք ասում․ արամուսցի

Երբ գալիս է ամառը, մենք ջրին «կակա» ենք ասում․ արամուսցի

Այսօր՝ օգոստոսի 10-ին, Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքի Արամուս բնակավայրի 3-րդ փողոցի 80-ից ավելի տների բնակիչներ հավաքվել էին փողոցի սկզբնամասում և պահանջում էին, որպեսզի իրենց այցելեն «Վեոլիա Ջուր»  ընկերության ներկայացուցիչները։

shamshyan.com-ի հետ զրույցում բնակիչներն ասում էին.  «3 տարի է «Վեոլիա ջուրը»  էս մեր փողոցի բնակիչներին ֆռռացնում է, երբ գալիս է ամառը, մենք ջրին «կակա» ենք ասում, օրերով ու շաբաթներով խմելու ջուր չենք ունենում, եթե տալիս էլ են, վայ էն տալուն, գիշերը 12-ին միացնում են, էն էլ մի կես ժամով, բայց հետո օրերով մնում ենք առանց ջուր։ Ուր ասես դիմել ենք՝ է՛լ Կոտայքի մարզպետարան, է՛լ Աբովյանի քաղաքապետարան, է՛լ Արամուս վարչական շրջանի ղեկավարին, «Վեոլիա ջրի» մասին խոսք չկա, էնքան են վստահ իրենց անպատժելիության վրա, որ արդեն արհամարհում են մեր հեռախոսազանգերին պատասխանել։ Մեկ-երկու անգամ «Վեոլիա ջրից»  եկել են, փոխանակ հարցերը լուծեն, մեզ հաթաթա են տալիս, հիմա ո՞նց չասես՝ հարկատուների հաշվին ձեր թափաններն ենք լցնում ու փոխարենը մեր մատի փուշը հանեք, վախեցնում եք, թե սաղիս դատի կտանք։

Քաղաքակիրթ երկիր եթե լիներ Հայաստանը, հիմա սպառողներս էինք «Վեոլիա ջրին»  դատի տվել իր պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու համար։ Արդեն մեր համբերության բաժակը լցվել է, ուզում ենք հասկանալ՝ էդ ո՞նց է լինում, որ հենց գալիս է ամառը, ասես մեր փողոցի ջրի պռունկի վրա 7-գլխանի հրեշ նստած լինի, ջրին կարոտ ենք մնում։ Ինչ ա, «Վեոլիա Ջուրը»  չգիտի՞, թե ինչպես անի, որ էդ ջրի պրոբլեմն այլևս չլինի, ուղղակի բարի կամք ենք դրսևորում, բայց բանի տեղ չեն դնում, դրա համար էլ էս 3 տարի ա մենք «Վեոլիա ջրի»  ձեռը դարձել ենք պատանդ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ