Կառավարության այսօրվա նիստում ներկայացվել է ԱԺ-ի շենք շինությունների արդիականացման հարցը․ հիմնավորման մեջ նշվում է, որ մասնավորապես ԱԺ վարչական շենքի շահագործման օրվանից առ այսօր, կոմունիկացիոն ցանցերի որևէ արդիականացում չի իրականացվել։
«Հակահրդեհային անվտանգության կանոնների պահպանումը ֆիզիկապես և բարոյապես մաշված և գերծանրաբեռնված կոմունիկացիոն ցանցերով ՀՀ Ազգային ժողովի 1-ին (վարչական) մասնաշենքը դարձնում է հակահրդեհային անվտանգության տեսանկյունից խիստ խոցելի, որոշ դեպքերում գրեթե անհնարին է ապահովել վերը հիշատակված կանոնները։ Բազմաթիվ են հրդեհավտանգ և հրդեհային իրավիճակների դեպքերը, որոնք բարեբախտաբար մեծ աղետի չեն վերածվել և աղետալի հետևանքներ չեն առաջացրել։
Անհրաժեշտություն է առաջացել նաև արդիականացնել Ազգային ժողովի շենք շինությունների՝ մասնավորապես վարչական, տնտեսական ավտոտնտեսության և անցակետերի անվտանգության տեսահամակարգը։ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կողմից ՀՀ Ազգային ժողովի շենքային պայմանների բարելավման նպատակով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն կազմակերպվել է գնման ընթացակարգ, որի արդյունքում «ՋԻ-ԷՍ-ՍԻ» ՍՊԸ-ի հետ կնքվել է ՀՀ ԱԺ ԳՀԱՇՁԲ-23/4 ծածկագրով ՀՀ ԱԺ շենքերի անվտանգության տեսահամակարգի և հակահրդեհային համակարգի արդիականացման աշխատանքներ պայմանագիր։
Աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ փորձաքննություն անցած նախագծա-նախահաշվային փաստաթղթերը կցվում են (նշված փաստաթղթերը ներառված են ՀՀ ԱԺ շենքերի անվտանգության տեսահամակարգի և հակահրդեհային համակարգի արդիականացում, էլեկտրական հաղորդագծերի ցանցի, հեռախոսային, ինտերնետ, արտաքին հեռախոսային կապի նորոգման 269,460.3 հազ. դրամ արժողությամբ նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթում, ընդամենը 59,688.0 հազ. դրամ՝ առանց ԱԱՀ)։
Տեսախցիկների և տեսաձայնագրման համակարգ՝ 34,620.1 հազ. դրամ,
Հրդեհային ազդարարում 25,067.9 հազ. դրամ:
Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ ԱԺ շենքերի անվտանգության տեսահամակարգի և հակահրդեհային համակարգի արդիականացում, էլեկտրական հաղորդագծերի ցանցի, հեռախոսային, ինտերնետ, արտաքին հեռախոսային կապի նորոգման աշխատանքները 264,770.0 հազ. դրամ արժեքով ներառված են ՀՀ 2023 թվականի պետական բյուջեում, որպես առաջնահերթություն (ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենք՝ հավելված 6):
Վերոգրյալով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ, ինչպես նաև ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ Ազգային ժողովին հատկացնել 43,800.0 հազ. դրամ, որից
ՀՀ ԱԺ ԳՀԱՇՁԲ-23/4 ծածկագրով ՀՀ ԱԺ շենքերի անվտանգության տեսահամակարգի և հակահրդեհային համակարգի արդիականացման աշխատանքներ պայմանագրի ընդհանուր գին` 39,000.0 հազ. դրամ, պայմանագրի ընդհանուր գնի տասը տոկոսը չգերազանցող պայմանագրով նախատեսված աշխատանքների կամ ծառայությունների ծավալների ավելացում` 3,900.0 հազ. դրամ։ Նշված գումարի նախատեսումը պայմանավորված է կնքված պայմանագրի կատարման փուլում հնարավոր շեղումների և ռիսկերի բացառմամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պայմանագիրը կնքվել է նախահաշվային գնից ցածր գնով»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը