23 07 2023

Նորածնին դրել են տոպրակի մեջ և թողել մատուռի մոտ

Նորածնին դրել են տոպրակի մեջ և թողել մատուռի մոտ

Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոնում մահացել է նախօրեին Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասի հարևանությամբ գտնվող մատուռի մոտ հայտնաբերված նորածին տղան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան «Մուրացան» հիվանդանոց էր տեղափոխվել Մարտունու բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների ուղեկցությամբ և «Մուրացանի» բժիշկները մի քանի ժամ շարունակ պայքարում էին երեխայի կյանքի համար։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հուլիսի 22-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։50-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասում՝ մատուռի հարևանությամբ, նորածին երեխա կա։ 

Նշվում է, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի մատուռի մոտ տոպրակի մեջ թողնված նորածին տղային գյուղի շները քաշելով հասցրել են գյուղացիներից մեկի տան հետնամաս։ Գյուղի վարչական ղեկավար Ռուբեն Զուլոյանը հայտնել է, որ բնակչուհին 10։30 բակի հետնամասում հավաքված շներ է տեսել, հեռացրել նրանց այդ հատվածից, հետո տեսել է դեղին տոպրակ, որում գտել է երեխային ու զանգել է ոստիկանություն։ Ենթադրում են, որ երեխային թողել են մատուռում, այնտեղից արդեն շները քաշելով գյուղացու տան մոտ են հասցրել։ Գյուղապետի խոսքով, շները նորածին տղային չեն վնասել, միայն տոպրակն էր քաշելուց մի քիչ պատառոտվել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ