Հուլիսի 21-ին «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Քարամյանի նախաձեռնությամբ Արցախի մի խումբ բնակիչներ և մի շարք միջազգային և տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչներ ուղևորվել են դեպի Արցախ։ Այս քայլի նպատակն էր փորձել անարգել անցնել Հակարիի կամուրջը՝ շրջանցելով ադրբեջանական ապօրինի անցակետը։
Կամրջից մոտ 3 կիլոմետր հեռավորության վրա ԱՀ անձնագրային անցակետի մոտ տեղադրված ուղեփակոցի մոտ, սակայն, խումբը կանգնեցրել են հայ սահմանապահները։ Ճանապարհահատվածը համարվում է չեզոք գոտի, իսկ այնտեղով անցնելու համար անհրաժեշտ է եղել ստանալ ռուս խաղաղապահների թույլտվությունը։
Չորս ժամվա ընթացքում խաղաղապահների հետ կապվել չի հաջողվել, նրանց պաշտոնական հեռախոսահամարով զանգերն անպատասխան են մնացել։
Ի դեպ՝ ամբողջ ընթացքում նշված ճանապարհով չի անցել գեթ մեկ մեքենա, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաները, փոխարենը կամրջի ստորին հատվածում նկատվել է մեծ քանակով ադրբեջանական մեքենաների շարժ։ Դե իսկ Գորիս քաղաքի հյուրանոցներում այս պահին մեծ թվով Արցախի բնակիչներ են շարունակում ապրել` սպասելով ընտանիքների հետ միավորվելուն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը