Երկիր մոլորակի վրա դիտարկված միջին ջերմաստիճանը հուլիսի 7-ին ամենաբարձրն է եղել՝ ուսումնասիրությունների ամբողջ պատմության ընթացքում, հետևում է ԱՄՆ-ի շրջակա միջավայրի վրա ազդեցության կանխատեսման ազգային կենտրոնների տվյալներից։
Հուլիսի 3-ին ևս օդերևութաբանները Երկիր մոլորակի վրա ռեկորդային բարձր միջին ջերմաստիճան էին գրանցել՝ այն առաջին անգամ գերազանցել էր 17 աստիճանն՝ ըստ Ցելսիուսի սանդղակի։ Հաջորդ օրը միջին ջերմաստիճանը հասել էր 17,18 աստիճանի, իսկ հուլիսի 7-ին արդեն գրանցվել է մոլորակի վրա ամենաբարձր միջին ջերմաստիճանը՝ 17,23։
Երկիր մոլորակի վրա ամենաբարձր՝ 16,92 աստիճան միջին ջերմաստիճանը գրանցվել էր 7 տարի առաջ՝ 2016 թվականին։ Փորձագետների գնահատականներով՝ ռեկորդային ջերմաստիճանի հիմնական պատճառներից մեկը Էլ Նինյո անունով հայտնի երևույթն է․ այդ բնական երևույթը տեղի է ունենում միջինում 2-7 տարին մեկ անգամ և սովորաբար տևում է 9-12 ամիս։ Այն կապված է Խաղաղ օվկիանոսի կենտրոնական և արևելյան արևադարձային հատվածներում օվկիանոսի մակերեսի ջերմաստիճանի բարձրացման հետ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը