04 07 2023

Կոմիտասում տեղի ունեցած պայթունի հետևանքով փլուզվել է երկու ավտոտնակ, վնասվել՝ 9 մեքենա, 33 բնակարանի պատուհաններ

Կոմիտասում տեղի ունեցած պայթունի հետևանքով փլուզվել է երկու ավտոտնակ, վնասվել՝ 9 մեքենա, 33 բնակարանի պատուհաններ

Հուլիսի 3-ին, ժամը 22։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտա թիվ 54/1 հասցեում գտնվող ավտոտնակում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Պարզվել է, որ ավտոտնակում տեղի է ունեցել 20 կգ-անոց հեղուկ գազի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել է երկու քարաշեն ավտոտնակ, վնասվել՝ ևս 2-ը: Վնասվել են մոտակայքում կայանած թվով 9 տրանսպորտային միջոց, մոտ 33 բնակարանի և շքամուտքի պատուհաններ ու դռներ և 2 պատշգամբի արտաքին պատ․ կա տուժած։

Փրկարարները տուժածին (Հ. Գ., ծնված 1945 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Փրկարարները փլատակներում իրականացրել են որոնողական աշխատանքներ, այլ տուժած քաղաքացիներ չեն հայտնաբերվել:

Փրկարարները  սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոտնակները, իրականացրել անվտանգության միջոցառումներ՝ շենքի մուտքերից և բնակարաններից հեռացրել պատուհանների և ապակիների մնացորդները, ստուգել վնասված ավտոմեքենաների անվտանգությունը. վտանգավոր երկրորդային գործոններ չեն հայտնաբերվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ