Հունիսի 29-ին Արցախի Հանրապետության ԱԺ-ում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ պատգամավորները հարց են ուղղել նրան այն մարդկանց վերաբերյալ, որոնք Արցախի համար ծանր օրերին Արցախում չեն, նրանց մի մասը զբաղեցնում է բարձր պաշտոններ։
Հարցին ի պատասխան՝ Արայիկ Հարությունյանը նախ ասել է, որ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներից միայն մեկն է, որ գտնվում է Հայաստանում՝ Արցախի ԱԳ նախարարը։
«Դա իմ որոշումն է, որ մեր ԱԳ նախարարը պիտի մնա Երևանում՝ հաշվի առնելով իրավիճակը։
Իրականում մտածում եմ, որ մենք շատ խիստ որոշումներ պետք է կայացնենք։ ԱԱԾ-ին հանձնարարել եմ բարձրաստիճան պաշտոնյաների՝ բաժնի պետերից մինչև նախագահ, կա հիմնավորում, որ բացակայում են, կա չհիմնավորվածություն, որ ընտանիքի անդամներին տեղափոխել են, դա գնահատվելու է ոչ արդյունավետ, և իմ կողմից լինելու են որոշումներ։
Լուրջ որոշումների փաթեթ ենք ներկայացնելու, նրանք, ովքեր թողել են երկիրն ու հեռացել, այսօր վարձակալությամբ տվել են իրենց գույքը, ստանում են եկամուտներ, նրանց բոլորի նկատմամբ պետք է որոշում կայացնենք։ Ես չեմ կարող ասել՝ ինչ ենք անելու, մի կողմից՝ պիտի հարգենք մեր սահմանադրությունը, բայց ես կողմնակից եմ, որ նման մարդկանց նկատմամբ լինի շատ խիստ վերաբերմունք։ Առաջին հերթին զրկել եկամուտի հնարավորությունից, սա բարձրաձայն հայտարարում եմ։
Էդ, որ հայտարարում են, գոռում են, փախնում են, բոլորն ուզում են դուրս գալ… նախ ով ուզում է գնա, ջհանդամը գնա, ձայնը կտրած թող գնա, ժողովուրդը ուզում է ապրել այստեղ, արարել այստեղ»,- շեշտեց Արայիկ Հարությունյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը