Արցախի Հանրապետության Ասկերան համայնքում նախօրեին տեղացած կարկուտն ու հորդառատ անձրևը զգալի վնասներ են հասցրել այգիներին և բանջարանոցային մշակաբույսերին։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանն ասել է, որ քաղաքի Շահումյան փողոցի երեք առանձնատների առաջին հարկերը լցվել են սելավաջրերով։
«Հորդառատ անձրևից ու կարկուտից ծառերի տերևները լցվել ու փակել են ջրահեռացման համակարգերը, և ջրերը կուտակվելով լցվել են մարդկանց տները։ Ստեղծված իրավիճակին անմիջապես արձագանքել ենք։ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցների միջամտությամբ իրավիճակը որոշակիորեն մեղմվել է։ Կարկուտը մեծ վնասներ է հասցրել նաև բանջարաբոստանային կուլտուրաներին և այգիներին։ Վնասի չափը կարող ենք հստակ արձանագրել երկու օր հետո»,-մանրամասնել է Հ. Շամիրյանը։
Քաղաքապետը նշել է, որ շրջվարչակազմի կողմից ստեղծվել է հանձնաժողով, որը կարձանագրի վնասի չափերը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը