16 06 2023

Բացահայտվել է սոցցանցում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հարթակների գովազդի դեպք



ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացվող նախաքննության շրջանակներում ՀՀ ՔԿ քննիչների և ՀՀ ԱԱԾ տեղեկատվական անվտանգության և կառավարման կապի գլխավոր վարչության աշխատակիցների համագործակցված, տակտիկապես արդյունավետ մշակված գործողությունների արդյունքում պարզվել են «Տելեգրամ» սոցիալական ցանցի միջոցով իրականացվող գովազդով նույն առցանց սոցիալական հարթակում իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի էական հանգամանքներ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված, այնուհետև ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված՝ նշված բնույթի առաջին քրեական վարույթի շրջանակներում պարզվել են գովազդի մեխանիզմը, ինչպես նաև՝ հանցագործությունն առերևույթ կատարած անձանց ինքնությունը․ վերջիններս հանդիսանում են Երևան քաղաքի 19 և 23-ամյա բնակիչներ:

Մասնավորապես, ձեռք բերված տվյալների համաձայն՝ 23-ամյա երիտասարդը «Տելեգրամ» սոցիալական ցանցում իր մոր կողմից շահագործվող հեռախոսահամարի միջոցով գրանցել և անձամբ վարել է «KRIMINALI_KANALNA» («KRIMINALI_CHARXERIC») «KRIMINALNA», «KRIMINAL_2» «KRIMINAL_QUCHA», «KRIMINAL_SASTAV», իսկ նրա ընկերը՝ 19-ամյա երիտասարդը՝ «TOP_CHAT_TOP» անվանումներով զրուցարաններն ու հարթակները՝ առցանց հավաքելով շուրջ 2 500 հետևորդ:

Այդ նույն հարթակներում և զրուցարաններում 2022թ․ մինչև 2023թ․ մայիս ընկած ժամանակահատվածում երիտասարդները հրապարակել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող տելեգրամյան առցանց խանութ-ալիքների կողմից իրենց էջերում տեղադրված հասանելի և բաց տեղեկություններ՝ արժեքների, քանակի և այլնի մասին։ Որոշ դեպքերում, թմրամիջոցների մասին այդ տեղեկություններն իրենց հետևորդներին տրամադրելուն զուգահեռ, նրանք խորհուրդ են տվել նաև թմրամիջոցներ ձեռք բերել նշված խանութներից՝ այդ կերպ օժանդակելով այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացմանը:

Տեղեկություններ և խորհուրդներ տրամադրելու միջոցով շարունակելով հանցավոր գործունեությունը՝ իրենց կողմից վարվող զրուցարաններում և հարթակներում նրանք տեղադրել են թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող տելեգրամյան շուրջ 2 տասնյակ հարթակներից թմրամիջոցների ձեռք բերման հնարավորության մասին բաց և հասանելի հրապարկված տեղեկություններ:

Բացի այդ, վերջիններս թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ ակտիվ քարոզկան-գովազդային գործունեությամբ են զբաղվել նաև «tik-tok» սոցիակական հարթակում՝ տեղադրելով տարատեսակ տեսաուղերձներ։

ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում վերջիններս հայտնաբերվել են, նրանց բնակության վայրերում կատարվել են խուզարկություններ, ինչից հետո մեղադրյալին դատարան ներկայացնելու նպատակով վերջիններս ձերբակալվել են:

Նրանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ հանցավոր շղթայում այլ անձանց առկայության, թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը (աղբյուրները), սոցիալական ցանցի՝ թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող հարթակները վարող և նրանց հետ համագործակցող անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ:

Համապատասխան ծառայություններին տրվել են հանձնարարարություններ:

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ցանկացած եղանակով գովազդը քրեականացված է, և նույնացված է իրացնելու նպատակով դրանց ապօրինի շրջանառությանը։ Նման հանցավոր արարքի կատարման համար, որպես պատիժ, նախատեսվում է նվազագույնը ազատազրկում երեքից վեց տարի ժամկետով։

ՀՀ քննչական կոմիտեն իրավապահ մյուս կառույցների հետ հնարավոր բոլոր իրավաչափ միջոցները գործադրելու է` նման գործունեությամբ զբաղվող անձանց ի հայտ բերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ