12 09 2019

Արցախում 4․2 կգ թմրանյութի ապօրինի շրջանառության դեպք է կանխվել

Արցախում 4․2 կգ թմրանյութի ապօրինի շրջանառության դեպք է կանխվել

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից կազմակերպված օպերատիվ միջոցառումների արդյունքում, հայ-իրանական սահմանի տեղամասում կանխվել է Արցախի Հանրապետության տարածքում ԻԻՀ-ից 4,2կգ ընդհանուր քաշով թմրամիջոցի մաքսանենգության և ապօրինի շրջանառության  դեպք։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից։ 

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ 2 քաղաքացի ավտոմեքենայով` առանց համապատասխան անցագրի, մուտք են գործել Արցախի Հանրապետության տարածքում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վերահսկողության տակ գտնվող հայ-իրանական սահմանի տեղամաս, սակայն նկատելով ՍԶ սահմանապահներին` դիմել են փախուստի: Իրականացված համապատասխան միջոցառումների արդյունքում վերջիններս հայտնաբերվել և պարզաբանումների նպատակով ուղեկցվել են մոտակա սահմանապահ ուղեկալի տարածք:

Արդյունքում, նշյալ ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթավորմամբ 0,6 կգ քաշով բյուրեղանման նյութ, իսկ ավտոմեքենայի շարժման հետագծին հարող տեղանքում` պոլիէթիլենային փաթեթավորմամբ 1,6 կգ քաշով նույնպիսի զանգված և 2 կգ քաշով մուգ շագանակագույն մածուցիկ նյութ: Վերոնշյալ անձինք հայտնել են, որ բյուրեղանման նյութը «մետամֆետամին», իսկ շագանակագույնը` «ափիոն» տեսակի թմրամիջոցներ են, որոնք պետք է տեղափոխեին Երևան քաղաք: 

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով և այն օրենքով սահմանված կարգով փոխանցվել է Արցախի Հանրապետության իրավապահ մարմիններին՝ նախաքննություն կատարելու նպատակով նշված անձանց առաջադրված է մեղադրանք և որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ