Արցախը Հայաստանին կապող մայրուղու՝ ՀՀ հետ սահմանին (Լաչինի (Քաշաթաղի) միջանցքում) Ադրբեջանի կողմից ապրիլի 23-ին ապօրինի անցակետ տեղադրելուց հետո Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի չորս համայնքները (Հին շեն, Մեծ շեն, Եղցահող և Լիսագոր) հայտնվել են երկկողմանի արգելափակման ներքո՝ զրկված թե՛ Արցախի մնացած հատվածի և թե՛ Հայաստանի հետ կապի բոլոր հնարավորություններից: Այս մասին հայտարարություն է տարածել Արացախի հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
Ադրբեջանական խոչընդոտների պատճառով դադարել էին նաև բոլոր տեսակի հումանիտար մատակարարումներն այդ գյուղերի բնակիչներին, և վերջին օրերին սուր հումանիտար ճգնաժամ էր առաջացել այնտեղ՝ առանց առաջին անհրաժեշտության պարագաների որևէ պաշարի:
Այսօր վերջապես կարողացել ենք ԱՀ կառավարության կողմից ՌԴ խաղաղապահների միջոցով մեկ բեռնատար սնունդ, դեղորայք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ ուղարկել նշյալ համայնքների բնակիչներին:
Ադրբեջանը շարունակում է Արցախի լիակատար շրջափակումը և՛ Արցախ-Հայաստան սահմանին տեղադրված ապօրինի անցակետի, և՛ Շուշիի մոտ ճանապարհի՝ արդեն բացահայտորեն ադրբեջանական պետության կողմից ապօրինի արգելափակման միջոցով:
Իսկ Արցախի հումանիտար մատակարարումները կատարվում են ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից՝ խիստ սահմանափակ ծավալներով: Լրացուցիչ ջանքեր ենք գործադրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից փոխադրումների վերականգնման ուղղությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը