«Արցախահայությունն էթնիկ զտման վտանգի առջեւ է կանգնած. դա պետք է մտահոգիչ լինի ոչ միայն մեզ համար, այլ՝ միջազգային հանրության»,-ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՄԻՊ Անահիտ Մանասյանը: անդրադառնալով Լաչինի միջանցքի նոր երթուղու մուտքի մոտ Ադրբեջանի կողմից հսկիչ-անցագրային կետ տեղադրելուն:
«Ինքս փորձում եմ ամեն կերպ բարձրաձայնել այդ խնդիրները բոլոր հնարավոր դերակատարների հետ քննարկումների շրջանակներում, բոլոր հնարավոր փաստաթղթերի նախագծման շրջանակներում: Այս հարցում բոլորս պետք է մեկտեղենք մեր ջանքերը, որ կարողանանք հարցի ճշգրիտ եւ պատշաճ լուծման հասնել»,-ասաց նա:
Հարցին, թե Տեղ գյուղում ինչ անվտանգային խնդիրներ է առանձնացրել, Մանասյանը պատասխանեց. «Ես առանջնահերթ մարդու իրավունքների պաշտպանության խնդիրների մանդատով եմ մեկնել Տեղ համայնք: Պիտի անկեղծ լինեմ, որ ես պարզապես հիացած եմ Տեղի բնակիչների խիզախությամբ, բայց դրա հետ մեկտեղ չեմ կարող չնշել մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից այն խնդիրները, որոնք այս պահին առկա են: Մասնավորապես, շատ լուրջ խնդիրներ են առկա մեր քաղաքացիների կյանքի եւ անվտանգության իրավունքի, սեփականության իրավունքի, կրթության իրավունքի, ֆիզիկական, հոգեկան անձեռնմխելիության իրավունքի եւ մի շարք այլ իրավունքների տեսանկյունից: Այս առումով պետք է շատ համակարգված եւ գրագետ քաղաքականություն վարել:
Ես միջազգային գործընկերների հետ իմ բոլոր հանդիպումների ժամանակ այս բոլոր խնդիրների մասին բարձրաձայնում եմ: Նաեւ պետական մարմինների համար փաստաթղթեր են նախապատրաստվում, որպեսզի մենք բոլորս համատեղ կարողանանք այս խնդիրներին լուծումներ գտնել:
Միջազգային հանրությունը պետք է սկսի այս իրավունքների պաշտպանությանը հստակ գնահատական տալ: Այս տեսանկյունիցվ ես որպես ՄԻՊ, բավականին ակտիվ գործունեությունը եմ սկսել, որովհետեւ բոլոր միջազգային գործընկերների հետ իմ հանդիպումները ոչ թե սկսվում են պարզապես ինչ-որ արձանագրումներ անելով, այլ մարդու իրավունքների հետ կապված խնդիրները հստակորեն ցույց տալով եւ նրանց հետ նրանց հետ խնդիրների լուծման հնարավոր ուղիներ փնտրելով»:
ՄԻՊ-ի խոսքով, երկրորդ հարթությունը պետական մարմինների կողմից այս խնդիրների լուծումն է. «Այս տեսանկյունից եւս ես որպես ՄԻՊ փորձել եմ արձանագրել այն խնդիրները, որոնք մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կան, փորձել գտնել դրանց համար որոշակի լուծումներ կամ առաջարկներ: Դրանք արդեն ամփոփվում են պետական մարմիններին են ներկայացվելու:
ՄԻՊ-ը ոչ միայն պատրաստ է միայն այդ արձանագրումները հանձնել պետական մարմիններին, այլեւ ակտիվորեն ներգրավվել այդ խնդիրներին լուծումներ գտնելու գործընթացին եւ նաեւ այդ լուծումները կյանքի կոչելու գործընթացում»,-ընդգծեց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը