pastinfo.am-ը գրում է․
Ի լուր աշխարհի կարող եմ հայտարարել, որ արցախահայությունը շատ դրական է ընդունել զիջումների չգնալու Արցախի իշխանությունների որոշումը։ Շրջաններում բնակիչների հետ մեր ունեցած հանդիպումների ընթացքում լիովին համոզվեցինք, որ պատրաստակամ են շարունակել դիմադրությունը, քանի որ քաջ գիտակցում են, որ քայլ առ քայլ զիիջումների գնալու դեպքում հայտնվելու են Ադրբեջանի կազմում։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Դավիթ Գալստյանը։
«Մարդկանց միայն մտահոգում է այն հարցը, թե Արցախի կայացրած որոշումը որքանով է ընդունվում ՀՀ իշխանությունների կողմից։ Ցավոք, հարցին չենք կարողանում պատասխանել, քանի որ, մեղմ ասած, որ բացարձակ համարժեք չեն ՀՀ իշխանությունների քայլերը ստեղծված վիճակում։ Մարդիկ մեջբերում են Փաշինյանի խոսքերը, որով պատրաստակամություն էր հայտնում շարունակելու, այսպես կոչված, խաղաղության գործընթացը։ Ավագ սերունդը շատ լավ է հիշում, թե 1988-ին որքան համախմբված էինք, ինչպես էր Հայաստանը կանգնած
Արցախի կողքին։ Իսկ այսօր ակնհայտ է մի բան՝ Արցախը միջազգային հարթակներում շարունակում է ներկայացնել ՀՀ-ն, բայց ներկա իշխանությունները չեն արտահայտում արցախահության կամքը և իրենց այդ կեցվածքով ընկճում են մեզ՝ մենակ թողնելով մեզ այս պայքարում։ Ամեն դեպքում, հույսները չեն կորցնում, որ, ի վերջո, ՀՀ իշխանություններն էլ են հասկանալու՝ առանց Արցախ չկա Հայաստան, առանց Հայաստան չկա Արցախ»,-ասում է պատգամավորը։
Դավիթ Գալստյանը հասցրել է հանդիպել Ասկերանի շրջանի 12 համայնքների բնակիչների հետ։ Ասում է՝ խնդիրները որոնք արձանագրել են, գրավոր ձևակերպել ու Արցախի կառավարության օպերատիվ շտաբ են ներկայացրել։
«Գլոբալ առումով՝ արձանագրված բոլոր խնդիրներն էլ լուծելի են. հիմնականում պարենային ապահովության հետ են կապված։ Կտրոնով ապրանքներ տրամադրելու մեխանիզմը իհարկե որոծակիորեն հավասարություն կապահովի, բայց արդարությունն ապահովելն էլի դժվար կլինի։ Խնդիրն այն է, որ մարդկանց մի մասը նախապես բավականին պարեն է ձեք բերել, որոշներն էլ այդ հնաարվորությունը չեն ունեցել։ Համենայնդեպս, համայնքների ղեկավարների հետ աշխատելով՝ պետք է փորձենք արդարություն ապահովել»,-նշեց Գալստյանը։
Արցախի ԱԺ պատգամավորը նկատում է՝ արցախցիները շրջափակման դառը փորձ ունեն. 1990-ականներին տեսել են, թե ինչ է նշանակում սնունդ ու դեղորայք չունենալը, ուստի հիմա ով ինչպես կարողացել՝ իր «գլխի ճարը» տեսել է։
«Բայց գիտե՞ք՝ որքան դեպքեր ենք տեսել ու լսել, թե ինչպես են հարևաններով կիսում ունեցած շաքարավազը, ձեթը... Դա շատ կարևոր հանգամանք է. մարդը հարևանի հետ կիսում է իր ունեցածը»,-ասում է Գալստյանը։
Շրջայցերն ու բնակիչների հոգսերը թեթևացնելու գործելաոճը, Գալստյանի համոզմամբ, շարունակական է լինելու, մարդիկ հասցեական նաև պարեն են ստանալու։ Իսկ ինչ վերաբերում է կարևորին՝ ալյուրի պաշարներին, պատգամավորը վստահեցնում է՝ Արցախն ունի ցորենի պահեստավորված պաշար և դա որոշ ժամանակ կբավարարի բնակչությանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը