24 04 2023

Եթե Սոթքում զոհ ենք ունեցել, դա չի նշանակում, որ միայն Սոթքն են թիրախավորում․ ՊՆ փոխնախարար



«Իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»․- ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:

«Միայն Սոթքը չեն թիրախավորում, եթե Սոթքում զոհ ենք ունեցել, դա չի նշանակում, որ միայն Սոթքն են թիրախավորում: Մեր սահմանագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է: Նույն վիճակն է, եթե որևէ փոփոխության ենթարկվի, հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ»,- նշեց նա:

Հարցին՝ ի՞նչ վիճակ է Տեղ գյուղում, ադրբեջանական զորքերը հետ քաշվե՞լ են՝ փոխնախարարը պատասխանեց. «Տեղ գյուղի հետ կապված ամբողջ տեղեկատվությունը տրամադրվել է, և այդ հատվածում որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել: Որևէ փոփոխություն լինելու դեպքում տեղեկատվություն կտրամադրվի»:

Հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ առնվազն Տեղի հատվածում սահմանազատման աշխատանքներ են իրականացվում, փոխնախարարն արձագանքեց. «Մեծ հաշվով սահմանազատման աշխատանքներն իրականացվում են համապատասխան միջգերատեսչական  հանձնաժողովի կողմից, որը հենց սահմանազատման, սահմանագծման աշխատանքներով է զբաղվելու: Եվ սահմանապահներ կան այդ հատվածում, եւ ԶՈՒ ներկայացուցիչներ»:

Արման Սարգսյանն ասաց, թե վստահաբար չի կարող պնդել, որ Ադրբեջանը հող է նախապատրաստում  նոր ագրեսիայի համար. «Բայց պետք է ամեն մեկս մեր տեղում ավելի զգոն լինենք ու ամեն ինչ անենք, որպեսզի յուրաքանչյուր ոք իր աշխատանքը կատարի որակով՝  և կահավորման, և ինժեներական, եւ ամրաշինական, եւ նաեւ մեր զորքերի մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ համապատասխան աշխատանքներ տարվում են»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ ադրբեջանցիները անցակետ են դրել դեպի Արցախ ճանապարհին և վտանգված է 120 արցախցիների կյանքը, Արման Սարգսյանն ասաց. «Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի հզորանանք, պետք է լինենք կուռ ու միասնական, լինենք արդիական բանակ ունեցող պետություն, որը կպարտադրի  ենթադրյալ որևէ հակառակորդի սադրանքներ չհրահրել:

Աշխարհը պետք է չհանդուրժի որեւէ երկրորդ ցեղասպանություն: Օրվա խորհուրդը ավելի շատ հիշել, պահանջե, որ միջազգային հանրությունը ճիշտ ժամանակին ճիշտ արձագանքի եւ դրանով կանխվեն հետագա ոտնձգությունները», - ընդգծեց փոխնախարարը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ