04 04 2023

Շաբաթվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերը սկսել են հենակետեր տեղակայել Տեղ գյուղի հողերում․ «Հենակետ»

Շաբաթվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերը սկսել են հենակետեր տեղակայել Տեղ գյուղի հողերում․ «Հենակետ»

«Հենակետ» վերլուծական կենտրոնը ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ անցած շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին.

«Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավիացիոն միջոցներն ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել։ Ադրբեջանական բանակի տանկային ստորաբաժանումները համազորային հրաձգարանում կատարել են մարտական պատրաստության տարբեր վարժանքներ։ Իսկ հրետանային ստորաբաժանումներում մարտական կրակոցով մարտավարական վարժանքներ են անցկացվել։

Ապրիլի 1-ին Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցել են փոխնախարարները, զորատեսակների հրամանատարները, գերատեսչության գլխավոր վարչությունների, վարչությունների ու ծառայությունների ղեկավարները։

Վերլուծելով ադրբեջանա-հայկական սահմանին և Լեռնայաին Ղարաբաղում ստեղծված օպերատիվ իրավիճակը՝ Հասանովը համապատասխան հանձնարարականներ է տվել։ Նա հայտարարել է, թե Ալիևը բարձր է գնահատել երկրի բանակի վերջին ռազմական գործողությունները։

Ապրիլի 3-ին պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Ադրբեջանում գտնվող թուրքական «Բայքար» ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարի հետ։ Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման ներկա վիճակը և հեռանկարները։

Հասանովը Ս.Բայրաքթարին պարգևատրել է «Ռազմական համագործակցության բնագավառում ունեցած վաստակի համար» մեդալով։ Ալիևը ևս ընդունել է Սելջուկ Բայրաքթարին և խոսել Արցախի դեմ ագրեսիայում ընկերության արտադրանքի դերի մասին:

Հայ-ադրբեջանական հարաբերություններում ընթացող զարգացումների մասին

Շաբաթվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերը սկսել են հենակետեր տեղակայել Տեղ գյուղի հողերում։

ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը հայտարարել Է, թե ՀԱՊԿ-ը պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝  ի շահ Հայաստանի անվտանգության ապահովման: Իսկ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է, թե Ղարաբաղում եւ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության հետ կապված ռիսկերի պատճառով իրավիճակը հղի է լուրջ ապակայունացմամբ։

Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիթերը հայտարարել է, որ եթե այս գարնանը ադրբեջանական հարձակում չլինի, ապա կարելի է ասել, որ ԵՄ առաքելությունը հաջողել է։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան, անդրադառնալով Ռիտերի հայտարարությանը, նշել է, թե ԵՄ-ն շահագրգռված չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ձևավորման հարցում։

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վեդանտ Փաթելը հայտարարել է, թե Վաշինգտոնն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈւ դիրքերի առաջխաղացմամբ։

Բայրամովը Իսրայելի նախագահ Գերցոգին տեղեկացրել է այն լայնածավալ շինարարության մասին, որը Ադրբեջանն իրականացնում է Արցախից գրավված տարածքներում։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լաչինի շրջանում հատուկ ներկայացուցիչ է նշանակել Մասիմ Մամեդովին։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Լաչին քաղաքում կառուցվում է մոտ 500 տուն։ Նա հավելել է, թե սկսել են Աղավնո (Զաբուխ) և Սուս գյուղերի ամբողջական վերակառուցման գործընթացը։ Ավելի քան 1000 մարդ կտեղավորվի Աղավնո գյուղում, ավելի քան 300 մարդ՝ Սուս գյուղում։

Ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, թե Ակնայի (Աղդամի) արդյունաբերական պարկում և «Արաքսի հովտի տնտեսական գոտի» արդյունաբերական պարկում (Ջրական) գրանցված 24 նախագծերում նախատեսվում է մոտ 138 մլն մանաթի ներդրում կատարել: Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Շուշիում ռադիո-հեռուստատեսային կայանի նախագծումն ավարտվել է, իսկ շինարարությունը կսկսվի առաջիկա ամիսներին։

Լաչինի միջանցքի փակման մասին

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, թե ադրբեջանական բանակը վերահսկողության տակ է վերցրել Լաչինում գերիշխող բարձունքները։  Ֆրանսիական Օվերն-Հռենոս-Ալպեր շրջանի ղեկավար Լորան Վոքիեն հայտարարել է, թե իրենց շրջանը Արցախի համար հումանիտար շարասյուն կկազմակերպի։ Նրա խոսքով՝  Ֆրանսիան պետք է մաքսիմալ ճնշում գործադրի Լաչինի միջանցքի բացման նպատակով։

Ադրբեջանի ԱԳՆ-ն սադրանք է անվանել Լաչինի ճանապարհին հումանիտար ավտոշարասյուն կազմակերպելու պատրաստակամության մասին Վոքիեի հայտարարությունը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև Լաչինի միջանցքի տարածքում սահմանային անցակետ ստեղծելու վերաբերյալ քննարկումներ չեն եղել։

Կալիֆորնիայի նահանգային խորհրդի անդամ Քրիս Հոլդենն իրավական հարցերով հանձնաժողովին է ներկայացրել AJR 1 միջոցը, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակումը և ԱՄՆ կառավարությանը կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել արցախահայերին օգնելու համար: Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին կոչ է արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը։

Տարածաշրջանային ծրագրերի մասին

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյան Կովկասյան տարածաշրջանում լարվածությունը կարող է կարգավորվել «3 + 3» ձևաչափով։ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, թե Հունգարիան նախատեսում է պայմանագիր ստորագրել Ադրբեջանից գազի մատակարարման համար։

Էրդողանը Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի հետ հանդիպմանը հայտարարել է, թե իրենք Ադրբեջանի հետ պատրաստ են հնարավոր աջակցություն ցուցաբերել Տրանսանատոլիական (TANAP) գազատարով Հունգարիա բնական գազի մատակարարման համար։

Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին

ԻԻՀ ցամաքային զորքերի հրամանատար Քիումարս հայտարարել է. «Իրանը չի հանդուրժի սիոնիստական տարրերի առկայությունը տարածաշրջանի երկրներում և դիմակայելու է դրան»։
Նա նշել է, որ մյուս խնդիրը սիրիացի ահաբեկիչների առկայությունն է, որոնք տարածաշրջան են տեղափոխվել Արցախյան պատերազմի ժամանակ, և Իրանը չունի որևէ հիմնավոր ապացույց՝ տարածաշրջանից այդ տարրերի հեռանալու վերաբերյալ։ Հեյդարին հավելել է, թե Իրանը հարգում է հարևան երկրների սահմանները և թույլ չի տա, որ դրանք փոխվեն։

Իսրայելի ԱԳ նախարար Էլի Քոհենը ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, թե Ադրբեջանի հետ պետք է համատեղ գործեն Իրանի դեմ, չպետք է թույլ տալ այդ երկրին ընդլայնել իր միջուկային ներուժը։
Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին հայտարարել է, թե Ադրբեջանի իշխանությունները պետք է բացատրեն իրենց «հակաիրանական համագործակցությունն» Իսրայելի հետ։ Նա Ադրբեջանին կոչ է արել հասկանալ իսրայելական վարչակարգի իսկական մտադրությունները:

Քանաանիի հայտարարությունը դուր չի եկել Ադրբեջանի իշխանություններին, որոնք հերթական անգամ Իրանին մեղադրել են Հայաստանի հետ սերտ հարաբերություններ ունենալու համար։
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են Միլի Մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի դեմ մահափորձի մասին և դրանում տեսել «իրանական հետք»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն Թեհրանին մեղադրել է Մուստաֆայի նկատմամբ «ահաբեկչություն» կազմակերպելու մեջ՝ դժգոհելով նաև Իրանի կողմից «սադրանքներից» և «Իրանա-հայկական եղբայրությունից», որը «սպառնալիք է մնում տարածաշրջանի համար»:

Բաքվում Իրանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ադրբեջանի ԱԳՆ-ին՝ կապված այդ երկրի ԶԼՄ-ների կողմից Իսլամական Հանրապետության դեմ ձեռնարկած վիրավորական միջոցների հետ։ Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Մուսավիին կանչել են արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան է հանձնվել Բաքվի բողոքի նոտան։

Իսրայելի Թել Ավիվ քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի դեսպանատան բացման պաշտոնական արարողությունը։ Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսության դիմաց բողոքի ակցիա է անցկացվել։ Ցուցարարները պահանջել են փակել Իսրայելում Ադրբեջանի դեսպանատունը։

Լավրովը առկա խնդիրների լուծման գործում Իրանին և Ադրբեջանին օգնելու պատրաստակամություն է հայտնել։ Բաքվի ու Թեհրանի միջև հարաբերությունների լարվածության ֆոնին Ադրբեջանում շարունակվել է «իրանական լրտեսների» փնտրտուքը, և դրա հետ կապված ավելի քան 400 կրոնական գործիչ և ակտիվիստ է ձերբակալվել:

Այլ թեմաներ

ԱՄՆ-ն ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը հայտարարել է, թե Ադրբեջանի և Իսրայելի միջև 200 միլիոն դոլարի ներդրումային փաստաթուղթ կստորագրվի։

Ադրբեջանի Թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը Ալիևի ընտանիքին պատկանող «PASHA Holding» ընկերությունների խմբի աջակցությամբ և Իսրայելի «Technion» ինստիտուտի հետ համագործակցությամբ ադրբեջանական կիբերանվտանգության կենտրոն է ստեղծել»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ