«Հենակետ» վերլուծական կենտրոնը համառոտ տեղեկություններ է ներկայացրել ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերի մասին։
Սյունիքի և Գեղարքունիքի սահմանների շուրջ ծավալվող զարգացումների մասին
Շաբաթվա սկզբնամասում, հուլիսի 6-ին, Գեղարքունիքի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում Ադրբեջանը փոխհրաձգություն է հրահրել. հայկական կողմն ունեցել է մեկ, ադրբեջանցիները՝ երկու վիրավոր զինծառայող։
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունից հերքել են, որ կրակ են բացել հայկական ուժերի ուղղությամբ։
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպին և այդ համատեքստում ՀԱՊԿ-ի գործողություններին, նշել է, որ Ադրբեջանի կողմից Վերին Շորժա համայնքում կազմակերպված պրովոկացիայի վրա որոշակիորեն ազդել են ՀԱՊԿ-ի կողմից հնչեցված որոշ հայտարարություններ։ Ըստ Գրիգորյանի՝ Ստանիսլավ Զասի հայտարարությունները հիմք են տվել, որ Ադրբեջանը սահմանային միջադեպ հրահրի։ Գրիգորյանը նաև հավելել է, որ եթե սահմանային վեճերը լուծելու ուղղությամբ ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի հետ քննարկումները չտան արդյունք, իրենք կփնտրեն այլ լուծումներ։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Զասը ՀՀ-ի հարավում իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ» է որակել և նշել, որ նման միջադեպերը չեն համապատասխանում ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին։
ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ադրբեջանական զինծառայողները Խնածախ գյուղում հովվի անչափահաս երեխայի մոտից գողացել են 3 եղջերավոր կենդանի, իսկ Տեղ գյուղում խոչընդտել են ցորենի հավաքը:
ՄԻՊ-ը կրկին պնդել է իր այն առաջարկը, ըստ որի՝ ադրբեջանական ԶՈՒ հանցավոր արարքներից ՀՀ բնակչության պաշտպանության նպատակով բացարձակ հրատապությամբ անհրաժեշտ է ստեղծել անվտանգության գոտի։
Հուլիսի 6-ին համացանցում տարածվում է ռուսական դրոշներով տեխնիկայի տեղաշարժի լուսանկարներ։ Ըստ օգտատերերի՝ ռուս սահմանապահները վերահսկողության տակ են վերցրել Հայաստանի ու ԼՂՀ սահմանը: Լուսանկարները արվել են Գեղարքունիքի մարզում և դրանցից երևում է, որ ռուս սահմանապահների շարժական խմբեր են ու ՌԴ ՊՆ 102-րդ բազայի զինծառայողներ:
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, անդրադառնալով այդ խնդրին, հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս սահմանապահների տեղակայման վերաբերյալ առարկայական քննարկումներ են ընթանում։ Կոպիրկինը նշել է, որ քննարկվում է այն հարցը, թե ինչպես կարելի է ընդլայնել իրենց ներկայությունը Գեղարքունիքում։
Ռազմագերիների, անհետ կորած, զոհված զինծառայողների հետ կապված հարցերի մասին
Անցած շաբաթ օրը ռուսական կողմի միջնորդությամբ հայ ռազմագերիների 15 հոգանոց խմբի վերադարձից առաջ հայկական կողմը Բաքվին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզները։
Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը գերիների վերադարձից հետո Էրեբունի օդանավակայանում լրագրողներին ասել էր, թե քարտեզներն անձամբ ինքն է փոխանցել։
Ադրբեջանի ԱԳՆ փոխանցմամբ` հայրենիք վերադարձած 15 ռազմագերիները Բաքվի դատարանի որոշմամբ դատապարտվել էին 6-ամսյա ազատազրկման սահմանն ապօրինի հատելու համար։ Բաքուն, սակայն, չի վերադարձրել նույն խմբում մեղադրվող, բայց 4-ական տարվա ազատազրկման դատապարտված Հրաչ Ավագյանին ու Գեղամ Սերոբյանին։
Այլ թեմաներ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույց է անցկացրել, որի ժամանակ անդրադարձ է եղել նաև ՀՀ տարածքում ռուսական ռազմաբազայի հավանական ընդլայնման և Հայաստան-Ադրբեջան սահմանի որոշ հատվածում ռուս սահմանապահների տեղակայման մասին հարցերին:
Նրա խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համալիր հարցերը մանրամասն քննարկվել են հուլիսի 7-ին Մոսկվայում ՌԴ նախագահի ու ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հետ:
Ըստ Զախարովայի՝ ՌԴ-ն պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքների մեկնարկին։
ՊՆ անցուդարձի մասին
Շաբաթվա ընթացքում ՊՆ զորամիավորումների տարբեր զորամասերում անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ, մասնագիտական ու մարտավարական պարապմունքներ, տեղի են ունեցել ամփոփիչ ստուգումներ և այլն։
Անվտանգության ոլորտի վերաբերյալ թեմաները լրատվական հոսքերում բավականին նվազել են, որոշակի չափով լուսաբանվել են Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային հատվածներին առնչվող հրապարակումները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը