31 01 2022

Բաքվում շարունակվել է հայ ռազմագերիների հետ կապված դատական ֆարսը․ «Հենակետ»

Բաքվում շարունակվել է հայ ռազմագերիների հետ կապված դատական ֆարսը․ «Հենակետ»

«Հենակետ» վերլուծական կենտրոնը համառոտ տեղեկություններ է ներկայացրել անցած շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին:

Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ 

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով Թուրքիայի ՊՆ-ին, հայտնել են, որ  Ադրբեջանում գործող Թուրքիայի ԶՈւ զինվորական խմբի հրամանատարությունը զորավարժություններ է անցկացրել ադրբեջանական բանակի ցամաքային զորքերի համար։ Վարժանքների հիմնական նպատակն է «կոմանդոս» ստորաբաժանումների հետագա մարտունակության բարձրացումը։ Նշվում է, որ հունվարի 17-ից մեկնարկած և ռելիեֆային ու եղանակային բարդ պայմաններում ընթացող զորավարժությունները շարունակվել են մինչև հունվարի 30-ը։ 

Պաշտոնական այցով հունվարի 25-ին Իրան մեկնած Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է այդ երկրի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերիի հետ։ Հանդիպմանը նշվել է, որ անհրաժեշտ հիմքեր կան Ադրբեջանի և Իրանի միջև երկկողմ, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում դրական համագործակցության հետագա զարգացման համար։
Բաղերին հայտարարել է, թե Իրանը միշտ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Նրա խոսքով՝ «Իրանն ուրախ է, որ Ադրբեջանը «օկուպացիայից ազատագրել» է իր տարածքները: Ադրբեջանի տարածքների «օկուպացիայից ազատագրումը» ուրախացրել է իրենց գերագույն հոգևոր առաջնորդին և Իրանի ժողովրդին»։ Հունվարի 26-ին Հասանովի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին։ 

Globalfirepower.com-ը կազմել է 2022 թ-ի ուժեղագույն բանակների վարկանիշը` հաշվի առնելով 50 գործոն, ինչպիսիք են՝ տեխնոլոգիական գերազանցությունը, ֆինանսական հնարավորությունները, նյութատեխնիկական հնարավորությունները, բանակի թվաքանակը և այլն։ Ադրբեջանական լրատվամիջոցները նշել են, թե աշխարհի ուժեղագույն բանակների շարքում Ադրբեջանը զբաղեցրել է 63-րդ հորիզոնականը։ 

Հունվարի 28-ին Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել Ադրբեջանի ՊՆ կոլեգիայի նիստ՝ նվիրված 2021թ. արդյունքներին: Տեսակապով նիստին միացել են նաև Արցախից գրավված տարածքներում տեղակայված զորամիավորումների հրամանատարները։ Հասանովը նշել է, թե ռազմական բարեփոխումների շարունակությունը և զորքերի մարտունակության, այդ թվում՝ օպերատիվ կարողությունների հետագա բարձրացումը առաջնահերթային են լինելու նաև 2022 թ-ին։ 

Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, թե ադրբեջանական բանակի չորս զինծառայողներ, այդ թվում՝ մեկ սպա, վատ եղանակի պատճառով մոլորվել են Քարվաճառի տարածքում՝ դժվարամատչելի հատվածում։ Որոնողական աշխատանքների արդյունքում հունվարի 29-ի առավոտյան հայտնաբերվել են կրտսեր սերժանտն ու շարքայինները: Նրանց տեղափոխել են Քարվաճառի զինվորական հոսպիտալ։

Ադրբեջանական մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, թե Օվդա (Իսրայել)-Բաքու երթուղիով շարունակվում են գերժամանակակից զինտեխնիկայի մատակարարումները Ադրբեջան։ Պաշտպանական նպատակներով ձեռք են բերվում իսրայելական նորագույն զինտեխնիկա, որը նախկինում չի եղել Ադրբեջանի ԶՈւ հաշվեկշռում:

Հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասին

ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը նշել է, թե հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի հանձնաժողովի ձևավորումը և սահմանազատման գործընթացի մեկնարկը հնարավորություն կտան կանխել սահմանային միջադեպերի առաջացումը։
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, թե հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը կբացառի տարբեր տեսակի միջադեպերը։

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բաքվից Շուշի մեկնող երկու ավտոբուս է գործարկվել: Նշվում է, որ մինչև փետրվարի 15-ը նշված ուղղությամբ բոլոր տոմսերը սպառված են։
Բաքվի միջազգային և միջքաղաքային ավտոկայանից ավտոբուս է մեկնել նաև Ակնայի (Աղդամի) ուղղությամբ։ Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունից հայտնել են, թե դեպի Ղարաբաղ ուղևորափոխադրումների երթուղիների ցանկն աստիճանաբար կընդլայնվի։ 

Ադրբեջանի էներգետիկայի նախարարությանից հայտնել են, թե Բաքուն և Թեհրանը պայմանավորվել են արագացնել Արաքս գետի վրա «Խուդաֆերին» և «Գըզ Գալասը» հիդրոհախնգույցների ՀԷԿ-երի կառուցման աշխատանքները։
Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությանն առընթեր Փոքր և միջին բիզնեսի զարգացման գործակալության (KOBIA) վարչության նախագահ Օրխան Մամեդովը հայտարարել է, թե Արցախից գրավված տարածքներում բիզնես հիմնելու համար տնտեսվարող սուբյեկտներից ստացել են 945 դիմում։ Նրա խոսքով՝ այդ դիմումներից 446-ը վերաբերում են ներդրումային ծրագրերին, 499-ը՝ գործունեության այլ ոլորտներին և ծառայություններին:

Ադրբեջանի տնտեսության նախարարության Ձեռնարկատիրության զարգացման հիմնադրամի նախագահի պաշտոնակատար Օսման Խալիևը հայտարարել է, թե  Արցախից գրավված տարածքներում ձեռնարկատիրության ֆինանսավորման մեխանիզմներ են մշակվում։
Շաբաթվա ընթացքում Ադրբեջան է այցելել Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռուստամ Ղասեմիի գլխավորած պատվիրակությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցները նկատել են, թե ինքնաթիռը, որում եղել է Ղասեմիի գլխավորած պատվիրակությունը, վայրէջք է կատարել Ֆիզուլիի օդանավակայանում։

Իրանական պատվիրակությունը Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ այցելել է Արցախից գրավված տարածքներ։ Նրանք ծանոթացել են այս տարածքներում իրականացվող տրանսպորտային և այլ ենթակառուցվածքային նախագծերին։ Ղասեմին հայտարարել է, թե Իրանը Ադրբեջանի հետ համագործակցության շրջանակներում իր ավանդը կներդնի Արցախից գրավված տարածքներում վերականգնողական աշխատանքներում։

Ադրբեջանական լրատվամիջոցները գրել են «Զանգեզուրի միջանցքի» երկայնքով փորձնական գնացքների գործարկման մասին։ «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, թե «Զանգեզուրի միջանցքի» կարևոր մաս հանդիսացող Հորադիզ-Աղբենդ երկաթուղու նախագծի առաջին փուլում նախատեսված շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են 70%-ով։ Անհրաժեշտ պայմաններ են ստեղծվել Հորադիզ կայարանից դեպի Ջրականի (Ջաբրայիլի) շրջանի Մահմուդլու կայարան աշխատանքային գնացքների շարժման համար։

Ադրբեջանի Մաքսային պետական կոմիտեի նախագահ Սաֆար Մեհդիևը գրել է, թե Արցախից գրավված տարածքներում մաքսային ծառայությունը կազմակերպելու համար ստեղծվել և շահագործման են հանձնվել մաքսակետեր՝ «Ղուբաթլի» մաքսակետը Սանասարի շրջանում, «Գազանչին»՝ Կովսականի (Զանգելանի) շրջանում և «Ֆիզուլիի միջազգային օդանավակայանը»՝ Վարանդայի (Ֆիզուլիի) շրջանի տարածքում։

Ադրբեջանի գյուղատնտեսության փոխնախարար Իլհամա Գադիմովան հայտարարել է, թե Արցախից գրավված տարածքներում նախատեսվում է գյուղմթերք վերամշակող ձեռնարկություններ հիմնել:
Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը հայտարարել է, թե մինչ այժմ 14 ռուսական ընկերություն հայտ է ներկայացրել Արցախից գրավված տարածքների վերականգնման նախագծերին մասնակցելու համար։ Նրա խոսքով՝ այդ ընկերությունները գործում են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գյուղատնտեսության, տրանսպորտի և այլն։

Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի փոխնախարար Ռովշան Ռուստամովը հայտարարել է, թե ներկայումս Ղարաբաղի տարածքի 35%-ը ապահովված է հեռուստատեսային հեռարձակմամբ։ Մինչև այս տարվա վերջը հեռուստատեսային հեռարձակումը 100%-ով կընդգրկի Ղարաբաղի տարածքը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բացի Վարանդայի (Ֆուզուլի) օդանավակայանից, երկրի իշխանությունները պատրաստվում են ևս երկու օդանավակայան կառուցել՝ Կովսականում (Զանգելան)  և Լաչինում։ Ըստ իշխանությունների՝ դրանք  կունենան «միջազգային օդանավակայանների» կարգավիճակ։ Փորձագետների կարծիքով՝ չնայած հայտարարված քաղաքացիական նպատակին՝ օդանավակայանները լինելու են զուտ ռազմական՝ ԱԹՍ-ների, ուղղաթիռների և ինքնաթիռների բազավորման համար։
Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունից հայտնել են, թե դրական եզրակացություն են ստացել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունից (ICAO)՝ կապված Ղարաբաղում կառուցվող Կովսականի (Զանգելանի) օդանավակայանին ծածկագիր հատկացնելու հետ։ Նշվել է, որ օդանավակայանին հատկացվել է ICAO-ի քառանիշ «UBBZ» ծածկագիր։
Նասրեդդին Թուսիի անվան Շամախիի աստղաֆիզիկական աստղադիտարանի գործադիր տնօրեն Նարիման Իսմայիլովը նշել է, թե ապագայում Ղարաբաղում կկառուցվի նոր աստղագիտական կայան: Ակնկալվում է, որ կայանում կտեղադրվեն ժամանակակից ռոբոտացված աստղադիտակներ, ինչպես նաև տիեզերական փորձադաշտ։

Ադրբեջանի հանցագործությունները ներկայացնող War.karabakhrecords.info-ն հաղորդել է, որ 2020թ.-ի վերջից Արցախից գրավված տարածքներում Ադրբեջանի իրականցված մշակութային ցեղասպանության օրինակներին ավելացել է նաև Հադրութի շրջանի Վանք գյուղի Սպիտակ Խաչ եկեղեցին:

Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում տարածված տեսանյութից պարզ է դառնում, որ ադրբեջանցիները հանել են եկեղեցու խաչը: Ադրբեջանական կողմը վերանորոգման քողի տակ բացի խաչից քանդել է նաև եկեղեցու տանիքը՝ այդ կերպ փորձելով ամբողջապես վերացնել հայկական մշակութային հետքը և հերթական հայկական եկեղեցին ներկայացնել որպես «ուտիական»:

Տարածաշրջանային նախագծերի մասին

Իլհամ Ալիեւը տեսակապի միջոցով ընդունել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի գլխավորած պատվիրակությանը։ Ալիևն իր խոսքում կարևորել է «3+3» համագործակցության հարթակի նշանակությունը և իրանցի նախարարին հայտնել «Զանգեզուրի միջանցքի» հարցով «Հայաստանի կողմից դրական ազդանշանների» մասին։
Ռոստամ Ղասեմիի՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի և Իրանի ընդհանուր սահմանին Աստարաչայ գետի վրայով մեծ կամրջի կառուցման վերաբերյալ։ Կամրջի երկարությունը մոտ 100 մետր կլինի, լայնությունը՝ 31 մետր, նախագիծը հաշվարկված է 18 ամսվա համար։

Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը հայտարարել է, թե Ադրբեջանը Թուրքիայից խնդրանք է ստացել գազի լրացուցիչ մատակարարումների վերաբերյալ՝ կապված Իրանից գազի մատակարարման տեխնիկական խնդիրների հետ։ Որոշում է կայացվել ավելացնել դեպի Թուրքիա մատկարարումները։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, թե ԵՄ-ն գազի շուրջ բանակցություններ է վարում ԱՄՆ-ի, ինչպես նաև Կատարի և Ադրբեջանի հետ այն դեպքում, եթե Ռուսաստանը որոշի կրճատել կամ դադարեցնել մատակարարումները: Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը հայտարարել է, թե Բաքուն պատրաստ է լրացուցիչ գազ մատակարարել Եվրոպա, եթե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունը խաթարի մատակարարումները։ ։
Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել, որ ռուսական «Լուկօյլ» ընկերությունը ընդլայնում է իր ազդեցությունը Կասպից ծովում, նախատեսում է մեծացնել իր մասնաբաժինը Ադրբեջանում գազի արդյունահանման նախագծերում և Շահ Դենիզ գազի հանքավայրում իր մասնաբաժինը հասցնել 25%-ի:

Իսկ Արևմտյան ընկերությունները աստիճանաբար հեռանում են Բաքու-Թբիլիսի-Ջեյհանից, ինչպես նաև Ադրբեջանում և մերձկասպյան այլ երկրներում հանքարդյունաբերական նախագծերից։ Սրան նպաստում է նաև ԵՄ-ի՝ «կանաչ էներգիայի» վերաբերյալ օրակարգը։
Բուլղարական լրատվամիջոցների համաձայն՝ աշխատանքից ազատվել է «Bulgargaz» ընկերության ղեկավարությունը, ինչի պատճառն այն է, որ էներգետիկ ճգնաժամի և գազի գնի կտրուկ աճի ֆոնին ընկերության ղեկավարությունը չի ապահովել Ադրբեջանից կապույտ վառելիքի արդյունավետ մատակարարումը։

Գերիների ու ականապատման մասին

Բաքվում շարունակվել է հայ ռազմագերիների հետ կապված դատական ֆարսը, ովքեր «ահաբեկչության» մեջ են մեղադրվում։ Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Էլմին Ռուստամովի նախագահությամբ փաստաթղթեր են ուսումնասիրվել։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նորընտիր նախագահ Թինի Կոքսը հայտարարել է, թե «Գերեվարված բոլորն անձինք պետք է ազատ արձակվեն ու վերադառնան իրենց տները»։
Ադրբեջանի ականազերծման գործակալությունը (ANAMA) շաբաթական տեղեկատվություն է ներկայացրել Արցախից գրավված տարածքներում իրականացվող գործողությունների վերաբերյալ։ Նշվել է, թե ականներից ու չպայթած զինամթերքից մաքրվել է 67,4 հա տարածք։ ANAMA-ն Ակնայի (Աղդամի) շրջանում նոր շարժական ճամբար է ստեղծել գործակալության ականորսների համար։
Ադրբեջանում Նախարարների կաբինետի ապարատի ղեկավար Ռուֆաթ Մամեդովը հայտարարել է, թե Արցախից գրավված տարածքներում սկսվել է օդից ականապատ դաշտերի հետազոտման համակարգի կիրառումը։ Ըստ նրա՝ այդ նպատակով անցյալ տարվանից նախաձեռնվել է արհեստական բանականությամբ ԱԹՍ-ների օգտագործումը։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ շաբաթվա ընթացքում Վարանդայի (Ֆիզուլիի) շրջանում ականի վրա տրակտոր է պայթել: Միջադեպի հետևանքով տրակտորը վնասվել է, տուժածներ չեն եղել։

Այլ թեմաներ

Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը կոչ է արել Ալիևին մշակման վերադարձնել մեդիայի մասին վերջերս ընդունված օրենքը, քանի որ այն չի համապատասխանում միջազգային չափանիշներին մարդու իրավունքների, խոսքի ազատության և լրատվամիջոցների ազատության ոլորտներում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ