24 03 2023

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները  կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 69 անդամներ՝ երկու կուսակցություններից, հերթական անգամ հանդես են եկել Ադրբեջանին ռազմական օգնությունը դադարեցնելու և Արցախին ու Հայաստանին 150 միլիոն դոլարի օգնություն ուղարկելու կոչով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունը: Նախաձեռնությունը ղեկավարում է Կոնգրեսի հայկական հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոնը:

Ներկայացուցիչների պալատի անդամները նամակ են հղել Պետական արտաքին գործառնությունների գծով հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Մարիո Դիաս Բալարտին և ենթահանձնաժողովի բարձրաստիճան անդամ Բարբարա Լիին, որոնք արդեն սկսել են 2024 ֆինանսական տարվա արտաքին օգնության մասին օրինագծի՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի տարբերակի մշակումը:

«ԱՄՆ-ի շարունակական ռազմական օգնությունն Ադրբեջանին իրենից ներկայացնում է «անցաթուղթ» ադրբեջանական ագրեսիայի համար, կանաչ լույս ադրբեջանական էսկալացիայի համար: Դա պետք է դադարեր նախագահ Բայդենի պաշտոնավարության հենց առաջին օրը. նա պաշտոնը ստանձնեց՝ որպես Ալիևին զինելու և օգնելու սուր քննադատ: Բայց եթե մեր նախագահը չանի այն, ինչի ճիշտ է, ապա Կոնգրեսը պետք է գործի», - ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տնօրեն Արամ Համփարյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ