17 11 2021

Երևանը Մոսկվայից ակնկալում է դիվանագիտական և ռազմական օգնություն. ՀՀ ԱԽ քարտուղար

Երևանը Մոսկվայից ակնկալում է դիվանագիտական և ռազմական օգնություն. ՀՀ ԱԽ քարտուղար

ՀՀ իշխանությունը Ռուսաստանից ակնկալում է, որ իր ռազմավարական գործընկերը կօգնի լուծել Ադրբեջանի վերջին գործողությունների հետ կապված խնդիրները։ Այս մասին «Կոմերսանտ»-ի հետ զրույցում Մոսկվայում ընթացող ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների նիստի շրջանակում ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա պատասխանել է հարցին, թե ինչ օգնություն է ակնկալում Երևանը՝ դիմելով Մոսկվային 1997թ․ պայմանագրի շրջանակում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գրիգորյանը կոչ է արել Ռուսաստանին «պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»։ «Պատրաստվում է գրավոր դիմում»,-հավելել է նա։

«Այժմ Հայաստանի ինքնիշխան տարածքում են գտնվում ադրբեջանական զինված ուժեր։ Դա ագրեսիայի ակտ է։ 1997 թվականին Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվեցին նման դեպքերում փոխադարձության սկզբունքով օգնել միմյանց։ Դա էր պատճառը, որ դիմեցինք Ռուսաստանին»,-ասել է Գրիգորյանը «Կոմերսանտ»-ի հետ զրույցում։

Հստակեցնող հարցին, թե կոնկրետ ինչ օգնության մասին է խոսքը՝ դիվանագիտակա՞ն, թե՞ ռազմական, Գրիգորյանը պատասխանել է․ «Մենք կողմ ենք նրան, որ այդ խնդիրը լուծվի դիվանագիտական ճանապարհով։ Սակայն եթե դիվանագիտական ճանապարհով այն անհնար է լուծել, ապա խնդիրը պետք է լուծվի ռազմական ճանապարհով»։

«Ռուսաստանյան կողմի ակտիվ մասնակցության շնորհիվ մարտական գործողությունները դադարել են, բայց խնդիրը չի լուծվել, որովհետեւ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքում,- չորեքշաբթի ամփոփել է Արմեն Գրրիգորյանը,-Բոլոր քարտեզներով, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ-ի ժամանակ, այդ բոլոր տարածքները Հայաստանի ինքնիշխան տարածքներ են հանդիսանում»։

Ընդ որում՝ «Կոմերսանտի» զրուցակիցը ավելացրել է. ԱՊՀ նիստի շրջանակում իր կողմից ոչ մի շփում  ադրբեջանցի գործընկերոջ՝ Ռամիլ Ուսուբովի հետ չի նախատեսվում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ