01 02 2023

Ամեն մեկը զղջաց էն ժամանակ, երբ Նիկոլը վնաս տվեց անձամբ իրեն․ Սևակ Հակոբյան

Ամեն մեկը զղջաց էն ժամանակ, երբ Նիկոլը վնաս տվեց անձամբ իրեն․ Սևակ Հակոբյան

Yervan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է․

«Մալաթիա տոնավաճառը փակվում է։ Մեկնաբանություններում կդնեմ բողոքի ակցիայի լինքը, լսեք աշխատողների ելույթները․ մի ողբերգություն էլ սա է։ Մի քանիսը հայհոյում են իշխանությանը, մնացածը սաստում են, թե՝ բան մի ասեք Նիկոլին, գիտենք ով է, բան մի ասեք, որ չմտածի քաղաքականացնում ենք, որ շուկան բացեն։ Միկրոֆոնին մինչև մոտենալը ասում է, որ իշխանությանն ատում է, որովհետև մահ ու ավեր է ամեն տեղ բերում, միկրոֆոնը հենց դեմ ես տալիս, ստիպված գովում է, որ հանկարծ սոված չմնա, 70-անց մարդ է, ուրիշ տեղ աշխատանք չի գտնի։ Մի քանի հոգի մնացել են մեր երկրում, որ հենց խոսում ես, ասում են՝ բա նախկինի ժամանակ ռիսկ կանեի՞ք։ Տեսեք, թե ռիսկ չանելը որն է։

Էն հաջորդն ասում է՝ խղճա մեզ, տուն ենք պահում։ Էն մեկելն ասում է՝ չէ՞ որ մենք հեղափոխություն ենք արել, որ ազատես նախկինից, դու ավելի վատ բաներ ես անում։ Ի՞նչ է նշանակում «խղճա մեզ», բայց ոնցոր մենք ու դուք, բոլորս վարչապետ էինք, նա մեզանից մեկն էր, մենք երկրի տերն ենք, մենք ենք որոշողը․ էդպես են մեզ ասել։ Հիմա խնդրում եք, որ ձեզնից մեկը ձեզ խղճա՞։

Ինձ ամենաշատը հետաքրքրեց մի կնոջ խոսք, Նիկոլ բերած-ընտրած կին է, ասում էր՝ «Եթե տոնավաճառը փակվի, կզղջամ Փաշինյանին ընտրելու համար»։ Սա ամենաճիշտ պատասխանն է, թե ինչի մենք հասանք էս օրին։

Մարդ կա՝ իր դեմ քրգործ բացելուց հետո զղջաց, որ ԱԺ-ում քվեարկել է Նիկոլի վարչապետ դառնալու օգտին, մարդիկ կան Իջևանից, որ զղջացին Նիկոլին բերելու համար, երբ հայտնի արյունահեղությունը եղավ ծառ կտրելու հանգամանքով, մարդիկ կան, որ Նիկոլ բերելու համար զղջացին, երբ իրենց հիվանդը մահացավ տանը, քանի որ կորոնավիրուսի վատ կառավարման պատճառով հիվանդանոց չընդունեցին։ Մարդիկ կային, էն էլ՝ հազարավոր, զղջացին Նիկոլին բերելու համար պատերազմից ու կապիտուլյացիայից հետո, մարդիկ կային շատ, որ դրա համար էլ չզղջացին, զղջացին, երբ արդեն Շուռնուխի կեսը հանձնեց ու իրենց վտարեցին, հետո մարդիկ կային, որ զղջացին սեպտեմբերին, երբ թշնամին էլի հարձակվեց, ու դարձան փախստական։

Ամեն մեկը զղջաց էն ժամանակ, երբ Նիկոլը վնաս տվեց անձամբ իրեն։ Ու բնական է, որ շոր ծախողի համար էս բոլորը զղջալու առիթ չէ, այլ առիթ է, որ փակում է իր հացի կետը։

Նիկոլը հավասար է բնական աղետ հասկացությանը, նա վնաս է տալու բոլորին՝ անուն առ անուն։ Հա կզղջաք, բայց արդեն ոչ մեկին էլ պետք չի լինի դա»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ