Այս գիշեր Գեղարքունիքում վաշտի կեցավայր դարձած գյուղական տան պայթյունի հետևանքով զոհված 15 զինծառայողներից մեկը Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից էր։ 20-ամյա ժամկետային զինծառայող Տարոն Ղարիբյանի ծառայության ժամկետն ավարտվում էր 10 օրից։
«Իմ համագյուղացին է բանակում էսօրվա ողբերգական դեպքից զոհված տղաներից մեկը՝ Տարոնը,- Yerevan.Today-ին զոհված զինծառայող Տարոն Ղարիբյանի ու նրա ընտանիքի մասին մանրամասներ հայտնեց Ուրցաձորի նախկին գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանը։ «Իմ մոտ է աշխատել հայրը, մեր գյուղապետարանի այգեպան Սեդրակի որդին էր։ էնքան պարզ ու հասարակ ընտանիքի երեխա էր, խաղաղասեր, բարի, պատասխանատու, հասուն էր ՝ իր տարիքի մեջ․ ի՞նչ ասեմ՝ հազար ափսոս։
Հողի մշակ ընտանիքից էր մեր զինվորը, ծառայության ժամկետը լրացել էր, խեղճերը անհամբեր սպասում էին, որ փետրվարին երրորդ զավակը բանկից պիտի փառքով-պատվով զորացրվեր, բայց չհասցրեց տուն վերադառնալ։ 50 տարեկան չկան ամուսիններով՝ սուգն առան նստեցին, ինչի՞ համար․․․ Գյուղում սուգ է իջել․․․։
Տարոնը Սեդրակի երրորդ որդին էր, երկու եղբայրները տարիներ առաջ են իրենց պարտքը տվել Հայրենիքին, ու հիմա մեկը դրսում է բնակվում։
Թող լույսի բաժին դառնան էդ մատղաշ երեխեքը»։
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը