News.am-ը գրում է․ Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար, այժմ «Իմ հզոր համայնք» կուսակցությունով առաջադրված Ռաֆիկ Անդրեասյանը վստահ է, որ այս ընտրություններում եւս հաղթելու է իրենց քաղաքական ուժը:
«Ճիշտ է, հիմա ճնշումներ լինում են քաղաքացիների վրա, որը ազդեցություն կունենա ընտրությունների արդյունքների վրա, բայց մարդիկ արդեն հասկացել են` որը որից հետո է: Մենք արդեն քարոզարշավը սկսել ենք, նորմալ, բացատրական աշխատանքներ ենք տանում քաղաքացիների հետ, իսկ իրենց կողմից իրականացվում են ճնշումներ, սուտ խոստումներ: Օրինակ իրենք մեծ քանակով աշխատատեղեր են խոստանում, բայց ժողովուրդը պետք է հաշվի առնի, որ սրանք ինչ-որ խոստանում են, սուտ է: Համայնքները խոշորացվում են, բնականաբար, աշխատատեղերը պետք է կրճատվեն, իրենք ինչքան հմուտ, բանիմաց մասնագետ կա, աշխատանքից ազատել են, պատահական մարդկանց աշխատանքի են ընդունել »,- NEWS.am- հետ զրույցում ասաց Ռաֆիկ Անդրեասյանը:
Ռաֆիկ Անդրեասյանը նշեց, որ իրենք ամենօրյա ռեժիմով քարոզարշավ են իրականացնում, դրանք շատ մարդաշատ չեն անցնում, քանի որ գոյւղատնտեսական աշխատանքների սեզոն է այս պահին եւ մարդիկ այդ աշխատանքներով են զբաղված:
Նշենք, որ Արարատի մարզի Վեդի խոշորացվող համայնքում մարտի 27-ին նշանակված է ՏԻՄ ընտրություն, և արդեն 3 օր է՝ ինչ մեկնարկել է քարոզարշավը։
Ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել 2 քաղաքական ուժ՝ «Իմ հզոր համայնք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը