29 12 2022

Եթե հոգումդ Արցախ չկա, ուրեմն հոգի չունես. Միհրդատ Մադաթյան

Եթե հոգումդ Արցախ չկա, ուրեմն հոգի չունես. Միհրդատ Մադաթյան

Միհրդատ Մադաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այդ տարի ամանորը շրջանցեց Հայաստան աշխարհը և հաջորդ առավոտ, օրացույցների վրա ոչ թե հաջորդ տարվա հունվարի 1-ն էր, այլ նախորդ տարվա դեկտեմբերի 32-ը։

Օդում կախված էր փտած խոզի բդի անտանելի հոտը և Հայաստան աշխարհի ամենագլխավոր տոնածառը նույնիսկ ամոթից կարմրել էր, որ պետք է ազդարարի տոն, որն իրավունք չունի կայանալ։ Ամանորյա երաժշտությունն ամեն տեղ հնչում էր մինորի մեջ...

Տներում, սեղանների առջև նստած աշխարհի ամենահին ազգերից մեկի ներկայացուցիչները, աչքերը կապած լցնում էին իրենց ստամոքսները ամենատարբեր ուտեստներով, լցնում մինչև կոկորդի բերանը, հետո զուգարան գնում, փսխում, ու գալիս շարունակում էին կրկին ուտել։ Փտած ուտեստներից սարսափելի հոտ էր գալիս, սակայն մարդիկ դա չէին նկատում մի պարզ պատճառով՝ վճարել էին դրանց համար։ Հո չէր կորչի...

Տներից քիչ այն կողմ Եռաբլուրում, քամուց շվշվում էին Հայաստան աշխարհը խորհրդանշող դրոշները, կարծես թե փոխանցելով մեզ Հայաստան աշխարհի մի մաս կազմող Արցախի համար զոհված հերոսների զարմացած զրույցները։ Ամբողջ Եռաբլուրում մի քանի մարդ էին, լուռ նստած իրենց որդիների կողքին, և նույնիսկ չէին էլ նկատում, թե մնացածները ինչպես վաճառեցին իրենց որդիների հիշատակը։

Հայաստան աշխարհի մի ուրիշ անկյունում, փայտե վառարանի վրա մի քանի կարտոֆիլ էր եփվում։ Կարմիր գեղեցիկ զգեստով և սպիտակ զուգագուլպաներով մի մանկահասակ աղջնակ, պատառաքաղով, զգույշ փորձում էր պտտել կարտոֆիլները, որ հավասարաչափ եփվեն։ Վառարանի դռան դիմաց նստած էր մի ծերունի, ով ուշադիր նայում էր վառարանի միջի կրակին բայց այնպիսի տպավորություն էր, թե հայացքը հառված է շատ ավելի հեռու։ Կիլոմետրեր հեռու... Միգուցե Հայաստան աշխարհի ամենագեղեցիկ տոնածառին, որն ամոթից լուսավորվել էր միայն կարմիր գույներով։ Միգուցե մարդկանց, ովքեր ամենատարբեր խոստումներն էին տվել...

- Դեդո, իսկ ի՞նչ են ուզում ադրբեջացնիները։

- Ուզում են, որ Արցախը չլինի հոգիս։

- Ու այդ ժամանակ նրանք մեզ հանգի՞ստ կթողնեն։

- Հոգիս, շուտով... Շուտով Արցախը չի լինի... Երբ մենք չլինենք... Բալքի դյուզն ալ տի ա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ