Պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2023 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ: Որոշման նախագիծը հրապարակված է e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Նախատեսվում է ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպորտային միջոցներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման հետ կապված հարաբերությունները:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է զինված ուժերում ունենալ մարտունակ ստորաբաժանումներ` համալրված բարձր մասնագիտական պատրաստվածությամբ և ռազմաուսուցված պահեստազորայիններով, ինչպես նաև տրանսպորտային միջոցներով, նպատակահարմար է պահեստազորայիններին վարժական հավաքների ընդգրկումը` ներգրավելով մարտական հերթապահության, իսկ վարժական հավաքների ապահովման համար՝ ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից տրանսպորտային միջոցների ներգրավվումը: Այս նպատակով Զինված ուժերի զորամասերում իրականացվում են պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքներ ու զորքերն աստիճանաբար համալրվում են ավելի պատրաստված և անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններով»,- նշված է նախագծում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը