Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 22-ի նիստում որոշեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել պետական գույքի կառավարման կոմիտեին:
Որոշման հիմնավորմաբն մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ վարչապետի աշխատակազմի, հանդիսանում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության 21,875033% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի սեփականատեր։
Ընկերության կորպորատիվ կառավարմանը առավել ինստիտուցիոնալ մոտեցմամբ մասնակցելու անհրաժեշտությունից ելնելով, նպատակահարմար է պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
Բաժնետոմսերի կառավարման արդյունավետությունը ապահովելու նպատակով նախագծով նախատեսվում է Կոմիտեի կողմից Ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորություններն իրացնելիս Կոմիտեի կողմից կայացվելիք որոշումները նախապես տեղեկացնել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ:
Ընդ որում, նախագծով նախատեսվում է նաև, որ Ընկերության բաժնետոմսերի կառավարման գործընթացում Ընկերությունից ստացված ֆինանսական և այլ բնույթի հաշվետվությունները, ընկերության բաժնետերերի ընդհանուր (արտահերթ) ժողովի արձանագրությունները և այլ փաստաթղթերը պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից դրանք ստանալուց 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը