11 12 2022

Արգելափակվել է ադրբեջանական կողմի մուտքը Դրմբոնի և Կաշենի հանքավայրերի տարածք․ Տեղեկատվական շտաբ

Արգելափակվել է ադրբեջանական կողմի մուտքը Դրմբոնի և Կաշենի հանքավայրերի տարածք․ Տեղեկատվական շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ սույն թվականի դեկտեմբերի 10-ին, ադրբեջանական կողմը, հիմք ընդունելով Արցախի Հանրապետությունում տեղակայված՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը նախապես ուղղված՝ Մարտակերտի շրջանի հանքավայրերում դիտարկում անցկացնելու գրությունը, ծրագրում էր իրականացնել այցելություն Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։

«Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից, համաձայն իրենց վերադաս մարմինների հրահանգի, թույլատրվել է մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր։ 

Հաշվի առնելով, որ առաջարկված ծրագիրը, սահմանված կարգով, համաձայնեցված չի եղել Արցախի Հանրապետության իշխանությունների և հանքավայրերը շահագործող կազմակերպության հետ՝ տեղում, հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների կողմից ինքնաբուխ կերպով արգելափակվել է վերը նշված խմբի մուտքը հանքավայրերի տարածք։

Ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով հավաքների վայրեր են մեկնել Արցախի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչներ, որոնց կողմից տարված բանակցությունների արդյունքում որոշում է ընդունվել դադարեցնել հանքավայրերում նախատեսված շրջայցը և այդ հարցին անդրադառնալ լրացուցիչ քննարկումներից հետո։

Կոչ ենք անում Արցախի Հանրապետության քաղաքացիներին՝ ձեռնպահ մնալ չստուգված լուրերի տարածումից և հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը։ Հավաստիացնում ենք, որ իշխանությունների կողմից ձեռնարկվում են բոլոր քայլերը՝ ավելորդ լարվածությունից խուսափելու համար, և բոլոր հարցերը Արցախի Հանրապետության օրենսդրության համաձայն կարգավորելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ