«Ադրբեջանի հերթական էքսպանսիոնիստական, գաղութատիրական դրսևորումն է՝ Արցախը կլանել, Արցախը առանձնացնել Հայաստանից: Նրանց այդ քայլը սպասելի էր, երբ իրենք սկսեցին խոսել Լաչինի միջանցքով զենքի տեղափոխման մասին, իբրեւ թե հայտնաբերվել են 2021 թվականի արտադրության ականներ: Պետք է սպասել, որ Ադրբեջանը պետք է գնար հերթական սրացման, մանավանդ հաշվի առնելով ՀՀ այսօրվա իշխանությունների, մեղմ ասած, կրավորական, իսկ իրականում ձեռքներն Արցախից լվանալու քաղաքականությունը»,-այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Հարցին՝ իսկ ընդդիմությունը մեղավոր չէ՞ այս իրավիճակի համար, որը խոստանում էր փրկել Արցախը և Հայաստանը, Արթուր Խաչատրյանը նշեց. «Կարծում եմ՝ Արցախը և Հայաստանը փրկելու պարտականությունը ՀՀ բոլոր քաղաքացիներինն է: Ես վստահեցնում եմ ձեզ, որ եթե քաղաքացիներն օգտագործեին իրենց բոլոր լծակները, եթե հավատային մեր այն հորդորին, որ գնում ենք էլ ավելի վատթար իրավիճակի և միանային, իրավիճակն ավելի լավ կլիներ: Բայց իրավիճակն անհույս չէ, դեռ կարելի է ամեն ինչ փրկել, դրա համար ես մտահոգ քաղաքացիներին կոչ եմ անում աջակցել ընդդիմադիր ուժերին, հավատալ և դուրս գալ փողոց»,-ասաց Արթուր Խաչատրյանը՝ վստահեցնելով, որ կլինեն նոր փողոցային ակցիաներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը