05 12 2022

Սուքիասյանների բանկում գրավադրված գործարանը գնում է Սուքիասյանների վարորդը․ Alternativ.am

Սուքիասյանների բանկում գրավադրված գործարանը գնում է Սուքիասյանների վարորդը․ Alternativ.am

Alternativ.am-ը գրում է․ Մինչ հասարակության հիշողությունից աստիճանաբար մոռացության է մատնվում Խաչատուր Սուքիասյանի և ՀՀ Դատախազության միջև ձևավորված թնջուկը, և մարդկանց մեջ աստիճանաբար ձևավորվում է Նիկոլ Փաշինյանի ու թավշյա օլիգարխ Սուքիասյանի հակասությունների կեղծ թեզը, երևան են գալիս այլ պատմություններ և այլ դրվագներ, որտեղ երբեմնի օլիգարխ, իսկ այսօր պատգամավոր Սուքիասյանը ոչ միայն կարողանում է Երևանի սրտում 5000 դոլարով հսկայական չափերի անշարժ գույք ձեռք բերել, այլև իր բանկի միջոցով մարդկանցից փորձել «խլել» գրավադրված հսկայական կարողություններ։

Ըստ Alternativ.am-ի հավաստի աղբյուրների՝ Սուքիասյաններին պատկանող «Հայէկոնոմբանկը» կատեգորիկ խտրականություն չի դրել գրավադրված ահռելի գույքերն «իրենով անելու» պրակտիկային նույնիսկ այն դեպքում, երբ գրավադրողը համարվում է Սուքիասյանների ընտանիքի բարեկամ։ Շատ դեպքերում ծիծաղելի աճուրդների միջոցով բիզնես-ռեկետը հաջողվել է, հազվադեպ դեպքերում՝ ոչ։ Եվ այսպես, հին երևանաբնակներին հայտնի և արդեն «հանգուցյալ» Սուրմալու առևտրի կենտրոնի հարևանությամբ գտնվող Կիրովի գործարանը թավշյա տեղափոխությունից հետո Կարեն Առաքելյանը դնում է գրավ Սուքիասյանների բանկում։

Հսկայական անշարժ գույքը գրավադրելով՝ Կարեն Առաքելյանը կատարել է իր բանկային պարտականությունները պատշաճորեն մինչև այն պահը, երբ ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողացել վճարել պարտքի մնացորդը, որը կազմել է մոտավորապես 700,000 ԱՄՆ դոլար։ Հսկայական գույքն անմիջապես հանվել է աճուրդի, որը գնվել է այլ անձի կողմից։ Անաչառ ընթերցողի մոտ տպավորություն կառաջանա, որ Սուքիասյանները ոչ մի ապօրինություն թույլ չեն տվել, սակայն․․․

Alternativ.am-ի հավաստի տեղեկություններով, երբ Կիրովի գործարանը հանվել է աճուրդի վերցված գումարից բազմապատիկ անգամների ցածր գնով, գնորդը միանգամից է գտնվել, և նա հանդիսացել է ոչ ավել և ոչ պակաս նույն Սուքիասյանների վարորդը։ Պետք չէ բանկային մասնագետ լինել՝ իմանալու համար, որ երբ գրավադրված գույքը հանվում է աճուրդի, պատշաճ կերպով պետք է դրա մասին տեղեկացված լինի նաև գրավադրողը, և աճուրդը պետք է իրականացվի շուկայական գնով։ «Թավշյա օլիգարխը», թքած ունենալով իր և Կարեն Առաքելյանի ընկերական հարաբերությունների վրա, գաղտնի պայմաններում մնացորդի գումարի չափով իրականացրել է ձևական աճուրդ, և պետք չէ լինել գիտնական՝ հասկանալու համար, որ իր վարորդի միջոցով փորձել է «ձեռք գցել» ահռելի չափերի հասնող անշարժ գույքը։ Հասկանալով, որ իրեն «գցում» են, Կարեն Առաքելյանը դիմել է դատարան, որտեղ հաղթել է։

Սակայն այստեղ ոչ այնքան Առաքելյանի հաղթելն ու պարտվելն է կարևոր, քան այն, որ Հայաստանում ապրում են մարդիկ, ովքեր քիչ չէ, որ աչք են դնում ընկերոջ կարողության վրա, մի բան էլ ցանկանում են իրենցով անել այդ կարողությունը՝ օգնելու փոխարեն։

Alternativ.am-ը աչալրջորեն հետևեու է այս դեպքի հետ կապված դատական պրոցեսներին, եթե իհարկե, առաջին ատյանի վճռով այս պատմությունը չավարտվի, իսկ որ չի ավարտվելու, և Սուքիասյանը գործի է դնելու հնարավոր ու անհնար բոլոր լծակները ցանկալի արդյունքի հասնելու համար, մենք դրանում կասկած անգամ չունենք։

Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ Կիրովի գործարանը գտնվում է վերջերս պայթած Սուրմալու առևտրի կենտրոնի հարևանությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ