13 08 2024

Խաչատուր Սուքիասյանի բազմազան ու ծավալուն հայտարարագիրը

Խաչատուր Սուքիասյանի բազմազան ու ծավալուն հայտարարագիրը

168.am-ը գրում է․

2024 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած պաշտոնատար անձի` 2023 թվականի գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրից տեղեկանում ենք՝ գործարար, խոշոր սեփականատեր և համատեղությամբ՝ ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը 2023 թվականին օտարել է 3 անշարժ գույք, բայց ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ «պետք չէ տխրել․ գնում է Կարինեն, բայց մեզ հետ են մնում Սյուզին, Ռոզին, ՕՖելյան, Մեդեան, Սիրվարդը, Ալվարդը…»։

Հենց այսպես, օտարված երեք անշարժ գույքից զատ՝ Խաչատուր Սուքիասյանին է մնում ևս 31 անշարժ գույք՝

Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս գյուղում միանձնյա սեփականության իրավունքով տնօրինվող հողամաս, որը խոշոր սեփականատերը գնել է 2010 թվականին,

Երևան քաղաքում 2007 թվականին գնված հասարակական նշանակության շինություն, որը տնօրինում է բաժնային սեփականության իրավունքով (19,2),

Երևան քաղաքում դարձյալ բաժնային սեփակնությամբ տնօրինվող (334.3) հողամասը, որը գնել է 2006 թվականին,

Երևան քաղաքում հասարակական նշանակության շինությունը, որը գնվել է 1996 թվականին և տնօրինում է բաժնային սեփականության իրավունքով (28.5),

Երևան քաղաքում գնված մեկ այլ հասարակական նշանակության շինություն, որը գնվել է 2015 թվականին և դարձյալ հանդիսանում է բաժնային սեփականություն (65.425),

Երևան քաղաքում 2015 թվականին գնված հողին ամրակայված այլ անշարժ գույք (բաժնային 24.8575),

Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս գյուղում 2010 թվականին գնված հողին ամրակայված այլ անշարժ գույք, որը պատգամավորը տնօրինում է միանձնյա,

Նույն թվականին նույն համայնքում գնված այգետնակը (ամառանոցը)` այգեգործական զանգվածում հողամասի վրա կառուցված ամառանոցային շինություն, որը դարձյալ տնօրինում է միանձնյա,

Երևան քաղաքում 2001 թվականին գնված և միանձնյա սեփականության իրավունքով տնօրինվող հողամաս,

Երևան քաղաքում 2001 թվականին գնված հասարակական նշանակության շինություն, որը ևս տնօրինում է միանձնյա,

Երևան քաղաքում 2006 թվականին գնված հասարակական նշանակության շինություն, որը տնօրինում է բաժնային սեփականության իրավունքով (257.925),

Երևան քաղաքում 1996 թվականին գնված և միանձնյա սեփականության իրավունքով տնօրինվող մեկ այլ հասարակական նշանակության շինություն,

Երևան քաղաքում 1997 թվականին գնված բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում, որը ևս տնօրինում է միանձյա սեփականության իրավունքով։

Այս գնումներից զատ՝ Խաչատուր Սուքիասյանը ստացել է նաև տասնյակ անշարժ գույք՝ իբրև ժառանգություն․

Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքեր` մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի և ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինություններ, որոնք իբրև ժառանգություն է ստացել 2011 թվականին և տնօրինում է բաժնային սեփականության իրավունքով,

Երևան քաղաքում նույն թվականին ժառանգություն ստացած հասարակական նշանակության մի քանի շինություններ՝ իբրև բաժնային սեփականություն, որոնցում հայտարարատու սեփականատիրոջ բաժինը կազմել է՝ համապատասխանաբար՝ 15.2, 6.45, 6.425, 4.775, 1.5, 107.8, 92.375, 7.425, 266.425, 123.25,

Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենք, որը ժառանգել է 2011 թվականին և տնօրինում է բաժնային սեփականության իրավունքով (561.975),

Երևան քաղաքում հողամասեր՝ դարձյալ բաժնային սեփականության իրավունքով տնօրինվող։

Ինչպես նաև մեկ շինություն, որն անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված շինություն է, սակայն դեռևս չի ստացել իրավունքների պետական գրանցում։

Խաչատուր Սուքիասյանը չի հայտարարագրել որևէ տրանսպորտային միջոց, իսկ բաժնային արժեթղթերի, ներդրումների, բանկային հաշիվների ու դրամական միջոցների մասին տեղեկությունը նույնքան տպավորիչ է, որքան անշարժ գույքի տեղադրված ցանկը։

Այսպիսով, ՔՊ պատգամավորը հայտարարագրել է 1995-2020 թվականը հետևյալ ընկերություններից ձեռք բերված միլիոնավոր դրամների արժողությամբ բաժնեմասեր ու բաժնետոմսեր՝ «Ինլոբբի» ՍՊԸ, «Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ» ԲԲԸ, «ՍԻԼ ինշուրանս» ԱՓԲԸ, «Բջնի գրուպ» ՍՊԸ, «Երևանի ալրաղաց» ԲԲԸ, «Երևանի Պոլիպլաստ գործարան» ՀՁ ԲԲԸ, «ՍԻԼ կոնցեռն» ՍՊԸ, «Նարեկ» ՍՊԸ, «Առաջ» ՍՊԸ, Երևանի «Զովք» գործարան ՀՁ ԲԲԸ, «Գլոբալ մայնինգ» ՍՊԸ։

Նշենք, որ առևտրային կազմակերպություններում նա իր բաժնեմասը հավատարմագրային կառավարման է հանձնել ՔԵՅ-ԱՌ-ԷՄ ՔԸՆՍԱԼԹԻՆԳ և ՄԵԼԻՔՅԱՆՍ ԸՆԴ ՔՈ ընկերություններին։

Հայտարարագրի՝ հանձնված և վերադարձված փոխառությունների մասին տողից էլ տեղեկանում ենք, որ Խաչատուր Սուքիասյանը 550,000,000 դրամ փոխառություն է վերցրել եղբորից՝ Ռոբերտ Ալբերտի Սուքիասյանից։

Պաշտոնյան հայտարարագրել է նաև 4 միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող շուրջ 19 գույք, որոնց արժեքը տատանվում է 5 միլիոնից մինչև 30 միլիոն դրամի սահմաններում։ Դրանք հիմնականում 1995-1998 թվականներն իբրև ժառանգություն և նվիրատվություն ստացած գորգեր են, արվեստի գործեր ու կահույք։ Միակ գնումը, որ կատարել է ինքը՝ Խաչատուր Սուքիասյանը, 2021 թվականին ձեռք բերված 23 միլիոն դրամ արժողությամբ ձեռքի ժամացույցն է։

Խոշոր սեփականատեր-քաղաքական գործչի բանկային հաշիվների մնացորդները տարեսկզբին կազմել են 269,099.99 ռուբլի և 16,317,069 դրամ, տարեվերջին պահպանվել է միայն դրամով հաշվի մնացորդը։ Նա հաշվետու տարվա վերջում ունեցել է 6,693,369,217 դրամ, 1,913,385 դոլար և 185 000 եվրո կանխիկ միջոցներ։

Խաչատուր Սուքիասյանի 2023 թվականի՝ 828 միլիոն 907,264 դրամ եկամուտը գոյացել է Ազգային ժողովից ստացած 10,518,630 դրամ աշխատավարձից և տարբեր ՍՊԸ-ներից ստացված վարձակալության դիմաց վճարներից և շահաբաժիններից։

Ի դեպ, պաշտոնյան հայտարարագրել է նաև հանգստի համար կատարած 36,725,492 դրամ ճանապարհածախս և 2 միլիոն դրամը գերազանցող այլ միանվագ ծախսեր՝ 74,733,685 դրամի չափով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ