168.am-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանն այսօր անվտանգության մեծաթիվ աշխատակիցների ուղեկցությամբ՝ ավտոշարասյունով, Կառավարության գլխավոր շենքից ուղևորվել էր մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա գտնվող Կառավարական 3-րդ մասնաշենք։
Արամի փողոցը, որտեղ կայանել էր Փաշինյանի ավտոշարասյունը, Հանրապետության փողոցից մինչև Նալբանդյան փողոց փակ էր, տարածքում ուժեղացված ծառայություն էին իրականացնում ոստիկանները, կարմիրբերետավորները, ինչպես նաև Պետական պահպանության ծառայության աշխատակիցները։
Փաշինյանի հետ այս գերատեսչություն էին եկել փոխվարչապետներ Համբարձում Մաթևոսյանը, Մհեր Գրիգորյանը, ինչպես նաև Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Վերջին երկուսն ավելի շուտ դուրս եկան շենքից և ավտոմեքենաներով ուղևորվեցին։
Իսկ ահա Փաշինյանը, որին սպասում էր ավտոշարասյունը, հանկարծ մտափոխվեց և դեպի Կառավարություն մի քանի մետր ճանապարհը որոշեց ոտքով գնալ՝ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ։
168.am-ի հարցին՝ հնարավոր նոր պատերազմի մասին է խոսվում, ի՞նչ սպասել, Փաշինյանը չպատասխանեց։
Նշենք, որ Փաշինյանին ճանապարհում էր Տարածքային և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ըստ երևույթին Փաշինյանը հանդիպել է ՏԿԵ նախարարության ներկայացուցիչների հետ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը