28 11 2022

Անցած շաբաթ սահմանային 3 միջադեպ է գրանցվել Մարտունու և Մարտակերտի շրջաններում. Արցախի ոստիկանություն

Անցած շաբաթ սահմանային 3 միջադեպ է գրանցվել Մարտունու և Մարտակերտի շրջաններում. Արցախի ոստիկանություն

Նոյեմբերի 21-28-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների, իրավախախտումների և պատահարների վերաբերյալ գրանցվել է 73 հաղորդում, որից 52-ը՝ հանցագործության մասին, դրանցից 50-ն արդեն բացահայտվել և քննության փուլում են:

Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից:

Բացահայտվել է վիճաբանության և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ գրանցված 7 դեպք, ևս մեկ դեպք՝ Ասկերանի շրջանում բռնաբարության փորձի մասով: Անբացահայտ է մնացել համակարգչային հանցագործություն բնութագրմամբ 1 դեպք:

Շրջակա միջավայրի պահպանության և ապօրինի անտառահատումների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքում ոստիկանության ծառայողները բացահայտել են ապօրինի ծառահատման 3 դեպք: Մեկ շաբաթվա ընթացքում բացահայտվել է նախկինում կատարված 1 հանցագործություն:

Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է շրջանառությունն արգելված թմրամիջոցների 7 դեպք: Բնակչության հետ տարված պրոֆիլակտիկ-բացատրական աշխատանքների արդյունքում տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք կամովին հանձնելու նպատակով ոստիկանություն է դիմել 2 քաղաքացի:

Շաբաթվա ընթացքում սահմանային 3 միջադեպ է գրանցվել Մարտունու և Մարտակերտի շրջաններում: Գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս դաշտավայրերին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից կրակ է բացվել քաղաքացիական անձանց ուղղությամբ։

Կրակոցների պատճառով աշխատանքները դադարեցվել են: Տեղեկությունները տրամադրվել են ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատուներին:

Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցված հաղորդումների տվյալներով՝ 7 օրվա ընթացքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար, որից 23-ը՝ նյութական վնասով, 5-ը՝ մարմնական:

Տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 5 քաղաքացի: Ճանապարհապարեկային ծառայողները բացահայտել են առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 44 դեպք, 21 վարորդ եղել է անսթափ վիճակում, 263-ը՝ գերազանցել սահմանված արագությունը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ