26 03 2021

Խաղաղապահ զորակազմն արդեն զբաղվում է ադրբեջանցիների կողմից հայկական մեքենաների վրա հասցված հարվածների հարցով. Արցախի ոստիկանություն

Խաղաղապահ զորակազմն արդեն զբաղվում է ադրբեջանցիների կողմից հայկական մեքենաների վրա հասցված հարվածների հարցով. Արցախի ոստիկանություն

Երեկ, ժամը 13:30-ի սահմաններում Ասկերանի շրջանի Սարուշեն-Կարմիր գյուղ ճանապարհահատվածին միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև: Այս մասին հայտնում է Արցախի ոստիկանությունը:

 

Ռուսական խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ ընթացող ադրբեջանական ավտոշարասյան թափքից, ադրբեջանցի զինծառայողները քարերով հարվածներ են հասցրել նույն ճանապարհով ընթացող հայկական մեքենաների վրա, ինչի հետևանքով վնասվել է Լենդրուշ Բաբայանի վարած ՎԱԶ 21-07 մակնիշի ավտոմեքենայի դիմապակին:

Միջադեպից հետո Լ.Բաբայանը և նույն ճանապարհով ընթացող մեկ այլ վարորդ փակել են միջշրջանային ճանապարհը, կանգնեցրել շարասյունը և բացատրություն պահանջել ռուս խաղաղապահներից, ինչպես նաև ադրբեջանցի պատասխանատու սպայից:

 

Ըստ Լ.Բաբայանի, ադրբեջանցի սպան, որը ռուսաց լեզվով պատշաճ չէր հաղորդակցվում, լուսանկարել է մեքենան, խոստացել, որ անպայման կզեկուցի իրենց վերադասին, իսկ ռուս ուղեկցողները միջադեպի համար ներողություն են խնդրել, նշել, որ վնասը կփոխհատուցվի:

Դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար, տուժողը հարցաքննվել է Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում: Մեքենայի լուսանկարները, ինչպես նաև ռուսերեն թարգմանությամբ բացատրությունը ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն արդեն փոխանցել է գեներալ Մուրադովին:

Խաղաղապահ զորակազմն այս հարցով արդեն զբաղվում է: Ըստ ռուսական կողմի, խնդիրը ոչ միայն վնասի փոխհատուցումն է, այլ այսուհետ նմանօրինակ դեպքերի բացառումը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ