22 11 2022

88 երկիր դատապարտեց Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ, մինչդեռ Բաքվի «հաղթանակը» շնորհավորեցին ընդամենը 12 երկիր

88 երկիր դատապարտեց Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ, մինչդեռ Բաքվի «հաղթանակը» շնորհավորեցին ընդամենը 12 երկիր

zham.am-ը գրում է․

Նույնիսկ մի պահ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իրեն սկսեց համարել այդ «չմիացված երկրների» առաջնորդներից մեկը

Գաղտնիք չէ, թե ինչ միջոցներ և ջանքեր էին ներդրել Ադրբեջանի իշխանությունները, որպեսզի, այսպես կոչված «երրորդ երկրները» պարբերաբար աջակցեին Ադրբեջանին միջազգային տարբեր հարթակներում:

Նույնիսկ մի պահ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իրեն սկսեց համարել այդ «չմիացված երկրների» առաջնորդներից մեկը: Այն, որ այդ ամենը մաքուր բուտաֆորիա  գործընթաց էր, կռահում էին շատերը: Եվ, ահա, այս ամսվա նոյեմբերի 9-ին, երբ «շնորհավորում էին» Ալիևին Հայաստանի հանդեպ «հաղթանակի»կապակցությամբ, պարզվեց, որ ընդամենը 12 երկիր է «շնորհավորել» Բաքվին այդ կապակցությամբ, այն էլ նրանցից մի քանիսի շնորհավորանքը ակնհայտ ձևական բնույթ ուներ: Մինչդեռ օրերս Ֆրանկոֆոնիայի երկրները, որի կազմում են 54 երկիր, 7 ասոցիածիվ անդամ և 27 երկրներ, ովքեր ունեն դիտորդի կարգավիճակ, Ադրբեջանին  դատապարտող հայտարարություն ընդունեցին, որի պատճառով Բաքվի իշխանությունները իսկական քաղաքական հիստերիայի մեջ ընկան:

Իհարկե, այդ 88 երկրների դատապարտող քայլը  զգալիորեն ֆորմալ բնույթ ուներ, բայց դա հերթական անգամ բացահայտեց Իլհամ Ալիևի այն պնդումը, թե իբր միջազգային հանրության մեծ մասը ավելի շատ Ադրբեջանի, քան Հայաստանի հանդեպ է դրական տրամադրված:

Հիշենք, որ Ադրբեջանին «շնորհավորողների» շարքում, բացի Ալժիրից ոչ մի արաբական երկիր չկար: Մինչդեռ Իսլամական երկրների կորիզը հենց արաբական երկրներ են:

Այս ամենը ևս մեկ անգամ հուշում է, որ եթե Հայաստանում լինի լուրջ իշխանություն, ապա կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի աշխարհում ձևավորել մեր երկրի հանդեպ դրական միջավայր:

Իհարկե, մեր երկրի անվտանգության ապահովման խնդիրները հիմնականում պայմանավորված են այլ գործոններով: Սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ մենք պետք է շարժվենք «մենք ենք մեր սարերը» գավառական սկզբունքներով:

Մենք ունենք մեծ պոտենցիալ զարգացնելու մեր հարաբերությունները արաբական երկրների հետ: Հատկապես Եգիպտոսի հետ մեր հարաբերությունները զարգացնելով մենք կարող ենք հարաբերությունների կամրջակ գցել նաև Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններ հաստատման համար:

Բացի այդ, մենք կարող ենք էապես խորացնել մեր հարաբերությունները Եգիպտոս-Հունաստան-Կիպրոս երկրների ուղղությամբ: Բացի այդ մեծ պոտենցիալ կարող է ունենալ Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա տրանսպորտային ուղու զարգացումը, որն էլ իր հերթին կարող է հետաքրքրել թե Հնդկաստանին, թե Չինաստանին: Տեսեք թե ինչ հսկայական շինարարական ակտիվություն է ցուցաբերում նույն Չինաստանը Վրաստանում: Ինչու՞ մենք չենք կարող նույնպես օգտվել այդպիսի հնարավորություններից:

Երբ ոմանք խոսում են այն մասին, որ Հայաստանը պիտի, իբր փոխի իր աշխարհաքաղաքական կողմնորոշումը, որպեսզի կարողանա զարգանալ, ապա չեն հասկանում, որ այդ քայլով Հայաստանը կարող է, թևավոր ձևով ասած, «կտրել այն ճյուղը», որի վրա հիմնված է մեր անվտանգության համակարգը: Բայց դա իր հերթին չի նշանակում, որ Հայաստանը չպիտի ունենա ինքնուրույն քաղաքականություն:

Ճիշտ հակառակը, հենց ակտիվ քաղաքականությամբ մենք կարող ենք քաղաքական կամրջակի դեր կատարել մեր ռազմավարական գործընկերների՝ մի կողմից, և այն երկրների հետ, որոնց հետ կարող ենք ունենալ բարեկամական հարաբերություններ:

Պարզապես այդ ամենի համար պետք է ունենալ քաղաքական կամք և ռազմավարական խնդիրները տեսնելու ունակություն:

Սա է իրականությունը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ