21 10 2022

Հայաստանի սահմանների որևէ փոփոխություն Իրանը պաշտոնապես չի ճանաչելու. Իրանի գլխավոր հյուպատոս



«Իրանը պաշտոնապես չի ճանաչելու սահմանների որևէ փոփոխություն»,- այս մասին այսօր Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման ժամանակ հայտարարեց հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին` պատասխանելով Սյունիքում ադրբեջանական ԶՈւ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակի մասին լրագրողների հարցին։

«Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ երկրների տարածքային ամբողջականությունն ու միջազգայնորեն ճանաչված սահմանները պետք է հարգվեն։ Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է։ Եվ մենք շատ պարզ ու հստակ ասում ենք, որ սահմանների որևիցե փոփոխություն պաշտոնապես չենք ճանաչելու»,– ասաց դիվանագետը։

Վարամինին շեշտեց, որ Իրանը ցանկանում է տեսնել խաղաղ ու զարգացած Հայաստան, որը նաև իր երկրի շահերից է բխում։

«Մեր պատգամը խաղաղության և բարեկամության պատգամ է։ Ես Կապանի բնակչության համար ևս մեկ անգամ շեշտում եմ` չանհանգստանաք, ես Կապանում եմ»,– ասաց հյուպատոսը։

Իրանցի դիվանագետը հույս հայտնեց, որ տարածաշրջանի որևէ երկիր իրեն թույլ չի տա իր երկրի սահմաններից դուրս ռազմական գործողություններ իրականացնել։

«Հակառակ դեպքում ԻԻՀ–ի կողմից համարժեք հակազդեցություն կցուցաբերվի»,– վստահեցրեց Վարամինին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ