MediaHub-ը գրում է.
Օրերս Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ Վեհափառ հայրապետը, նախկին նախագահները պետք է հանդիպեն՝ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը:
Նախօրեին MediaHub-ին հայտնի դարձավ, որ երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Կաթողիկոսի և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հանդիպումը:
Պաշտոնական հաղորդագրություն հանդիպման մասով չեղավ, սակայն MediaHub-ին հաստատեցին՝ հանդիպումը, այո, կայացել է.
«Այո, սեպտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանին։ Հանդիպմանը քննարկվել է պատգամավորի կողմից հանրայնացված առաջարկը՝ առկա իրավիճակի հանգուցալուծման նպատակով Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ նախկին նախագահների համախմբման վերաբերյալ»,- մեզ հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Նա հավելեց, որ Ամենայն Հայոց Հայրապետն իր պատրաստակամությունն է հայտնել նպաստելու բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված կլինեն երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը