08 09 2022

Եթե ՀՌՀ-ն առաջիկա 2 մրցույթում կրկին ապօրինություն ցուցաբերի կդիմենք նաև ՄԻԵԴ․ Հ2 հեռուստաալիքի փոխտնօրեն



Հայկական երկրորդ հեռուստաալիքը կմասնակցի՝  մայրաքաղաքային և հանրապետական սփռման համար նախատեսված  առաջիկա երկու մրցույթին։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Հայկական երկրորդ հեռուստաալիքի փոխտնօրեն Լևոն Սուլթանյանը։ Նրա խոսքով, եթե ՀՌՀ-ն կրկին ապօրինություն ցուցաբերի, կբողոքարկեն, հարկ եղած դեպքում նաև կդիմեն ՄԻԵԴ ։  Լևոն Սուլթանյանը վստահեցրեց, որ դա սկզբունքային հարց է։

 «Այո՛,  երկու մրցույթին էլ պարտադիր մասնակցելու ենք,  և եթե այդ երկու մրցույթներն էլ տեղի ունենան օրենքի խախտումներով պարտադիր բողոքարկելու ենք ։ Եթե այնպես ստացվի, որ ներպետական ատյաններում չհասնենք հաջողության , պարտադիր կգնանք ՄԻԵԴ ։  Գտնում ենք, որ սա ոչ թե մեր անձնական շահն է, այլ՝ ոլորտի շատ ավելի գլոբալ շահ է, քանի որ այս պայմաններում ցանկացած ԶԼՄ-ի ցանկացած ձևով կարող են զրկել լիցենզիայից, չտրամադրել կամ տալ՝ ում ցանկանում են»,-  ասաց հեռուստաալիքի փոխտնօրենը։

«Խնդիրն այն է, որ  լիցենզիա ունեցող մարդը պաշտպանված չէ, պետք է այնպես լինի, որ կապ չունենա՝ իշխանություն կփոխվի, ՀՌՀ կազմ կփոխվի՝ լիցենզիայից կամայականորեն չեն կարող զրկել»,-ընդգծեց Լևոն Սուլթանյանը։

Հիշեցնենք, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) մայրաքաղաքային սփռման սլոթի նոր մրցույթ է հայտարարել: Պատճառը՝  Հայկական երկրորդ հեռուստաալիքի և հանձնաժողովի դատական վեճն է: Հեռուստաընկերությունը նախորդ տարվա հունվարին կայացած հանրային մուլտիպլեքսում հանրապետական սփռման սլոթի արդյունքներով մրցույթում չի հաղթել՝ զրկվելով լիցենզիայից: Նույն տարվա հունիսին հեռուստաընկերությունը մասնակցել էր մայրաքաղաքային սփռման սլոթի մրցույթին, սակայն կրկին պարտվել՝ վարկանիշային քվեարկության միավորով տեղը զիջելով Հանրային հեռուստաընկերության նորաբաց հեռուստաալիքին:

Հեռուստաընկերությունը դիմել էր դատարան՝  հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ Վարչական և վարչական վերաքննիչ դատարաններում ընկերության հայցը բավարարվել էր։ Հանձնաժողովն էլ իր հերթին դիմել էր Վճռաբեկ դատարան՝ բողոքարկելու վերաքննիչ դատարանի վճիռը: Սակայն հունիսի 7-ի որոշմամբ՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Այսպիսով՝ հիմք ընդունելով վարչական դատարանի 2021 թվականի օգոստոսի 25-ի վճիռը հանձնաժողովը հուլիսի 25-ին հայտարարել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթ:  Ըստ ՀՌՀ որոշման՝ հայտերն ընդունվելու են 2022 թվականի օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 13-ը ներառյալ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ