Ինչպես հայտնի է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) մայրաքաղաքային սփռման սլոթի նոր մրցույթ է հայտարարել: Պատճառը՝ Հայկական երկրորդ հեռուստաալիքի և հանձնաժողովի դատական վեճն է: Հեռուստաընկերությունը նախորդ տարվա հունվարին կայացած հանրային մուլտիպլեքսում հանրապետական սփռման սլոթի արդյունքներով մրցույթում չի հաղթել՝ զրկվելով լիցենզիայից: Նույն տարվա հունիսին հեռուստաընկերությունը մասնակցել էր մայրաքաղաքային սփռման սլոթի մրցույթին, սակայն կրկին պարտվել՝ վարկանիշային քվեարկության միավորով տեղը զիջելով Հանրային հեռուստաընկերության նորաբաց հեռուստաալիքին:
Հեռուստաընկերությունը դիմել էր դատարան՝ հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ Վարչական և վարչական վերաքննիչ դատարաններում ընկերության հայցը բավարարվել էր։ Հանձնաժողովն էլ իր հերթին դիմել էր Վճռաբեկ դատարան՝ բողոքարկելու վերաքննիչ դատարանի վճիռը: Սակայն հունիսի 7-ի որոշմամբ՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Այսպիսով՝ հիմք ընդունելով վարչական դատարանի 2021 թվականի օգոստոսի 25-ի վճիռը հանձնաժողովը հուլիսի 25-ին հայտարարել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթ: Ըստ ՀՌՀ որոշման՝ հայտերն ընդունվելու են 2022 թվականի օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 13-ը ներառյալ:
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Հայկական երկրորդ հեռուստաալիքի փոխտնօրեն Լևոն Սուլթանյանը նշեց, որ ունեն հաստատված փաստեր՝ վճիռների տեսքով, որ ՀՌՀ-ն մրցույթն անցկացնելիս ապօրինություն է թույլ տվել։ Ընդ որում, ըստ Սուլթանյանի, ՀՌՀ-ն անգամ չի պատճառաբանել որոշումները, չի հիմնավորել, ինչը բողոքարկվել է դատարանում և ՀՌՀ-ն շարունակել է ապօրինություն ցուցաբերել՝ նույնիսկ ունենալով դատավճիռները։
«Արդյունքում ՝ այսօր ունենք արդեն 2 դատական որոշում, որոնք ուժի մեջ մտած վերջնական որոշումներ են․ դրանցով ասվում է, որ ՀՌՀ-ի անցկացրած մրցույթներն ապօրինի են եղել։ Ստեղծվել է մի ահավոր իրավիճակ , մեր գործընկերները, որ հիմա այդ լիցենզիա ունեն, զրկվել են այդ լիցենզիայից, այսօր փաստորեն հանրապետական ծածկույթի որևէ մասնավոր հեռուստաալիք լիցենզիա չունի, դա հանձնաժողովի ապօրինի գործունեության արդյունք է, ուրիշ պատճառ չկա։ Ներպետական ատյաններում ՀՀ պատմության մեջ չի եղել վճիռ , որ ՀՌՀ-ն կամ մինչ այդ՝ ՀՌԱՀ-ը կայացրել է ապօրինի որոշում մրցույթների վերաբերյալ ․ այդ բոլոր ապօրինությունները տեղի են ունեցել, երբ Տիգրան Հակոբյանը դարձել է հանձնաժողովի նախագահ»,-նշեց Հայկական երկրորդ հեռուստաալիքի փոխտնօրեն Լևոն Սուլթանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը