07 09 2022

Վահանն ավելին էր, քան՝ գեներալը․ մինչ հավերժություն չհանձնեց իր դիրքը

Վահանն ավելին էր, քան՝  գեներալը․ մինչ հավերժություն չհանձնեց իր դիրքը

«ԼԵՌՆՑԻ ՎԱՀԱՆԸ

Մինչ հայ հասարակությունը քննարկում է, թե գեներալներից ով է դավաճան ու ով է հերոս, ով է հանցագործ ու ով է հայրենասեր, պատմեմ ձեզ լեռնցի մի տղայի մասին, ով ավելին էր քան գեներալը։ Լինելով զինվոր՝ նա մեզ է պատգամել իսկական հային բնորոշ տեսակը․․նա մեզ դա չի սովորեցրել, այլ իր կարճատև երկրային կյանքով ու իր օրինակով է ցույց տվել, թե ինչպիսին պետք է լինի ՀԱՅԸ։

Տեսակով ըմբոստ ու անհնազանդ կորյունն է՝ Վահանը, ով ծառայության մեկնելու առաջին իսկ օրերից զգացնել տվեց բոլորին, որ նա իր առաջիկա երկու տարին բնավ չի պատկերացնում շարային պարապմունքներով ու շաբաթօրյակներով։ Ծառայության ընթացքում բոլոր կոնֆիլկտների հիմքը նրա՝ դիրքային ծառայության մեկնելու պահանջն էր։ «Այստեղ եմ հայրենիքս պաշտպանելու» ասում էր նա ու ավելացնում՝ «էս ցանկությունիցս ցածր ինձնից ոչինչ չպահանջեք»։ Սեպտեմբերի 27-ը շատերի համար էր տագնապ, բայց ոչ նրա, քանի որ եկել էր ապացուցելու ժամանակը․․«հայրենիք էիր ուզում պաշտպանեիր, եկավ ժամանակը, շարային պարապմունքներ ու զորամասային կարգապահություն չէիր սիրում, աստեղային ժամանակդ եկել է» ասում էին սպաներն ու լսում նրա ըմբոստ պատասխանը՝ «ով ինձ չուղարկի ամենաթեժ ու ամենավտանգավոր հատվածը, նրան էլ եմ գյուլլ*ելու»։

Առջևում հայրենիքի լեռներն էին, ու պատկերացրեք, թե ինչ արիական ոգով համակվեց նա, երբ իր կռիվը պետք է լեռներում տար։ Սկզբում նրան նույնիսկ ինքնաձիգ կրելու իրավունք չէին տալիս՝ վախենալով նրա տաքարյուն ու ըմբոստ տեսակից ու դա եղավ պատճառը, որ դիրք բարձրանալու ճանապարհին Վահանը զինաթափեց դիրքը լքող մի քանի պահեստազորայինների ու ողջ զենքն ու զինամթերքը վերցնելով՝ բարձրացավ ճակատ։ Այնտեղ արդեն, ոչ ոք իրավունք չուներ նրանից զենք վերցնելու, քանի որ առջևում իսկական պատերազմն էր։ Հենց ամենաառաջին օրը, երբ նա ու սպան բարձրանում են դիրք, սմերչի արկն ընկնում է ուղիղ իրենց դիմաց ու չի պայթում։ Բախտի նախախնամությանը հավատալով՝ Վահանն ու ընկերները միանգամից մարտի են բռնվում թուրքական հատուկ ջոկատայինների հետ։ Այդ մարտերից մեկի ընթացքում էլ նա ձեռք բերեց պատերազմի իր առաջին ավարը՝ թուրք հատուկ ջոկատայինի զենքը ու չտվեց ոչ մեկին։

«Ինձ զենք չէիք դավերիա անում, բայց ամենալավ զենքն իմն է ու սրա կայֆն էն է, որ էս բ*ի տղերքին հենց իրենց զենքով էլ գյու**ելու եմ»։ Այսպես 10 օր կենաց մահու պայքար տվեց նա Մատաղիս-Մարտակերտ ճակատում ու մի քանի անգամ նա ու իր առյուծասիրտ ընկերները ամուր ու աննկուն մնացին։ Սրանով ամեն ինչ չի ավարտվում․ առջևում Ճարտարի հատվածում Ուլյան կոչվող տեղանքն էր։ Իմանալով, որ թշնամին հզոր գրոհ է նախապատրաստում այդ հատվածում, սպաները սկսում են հավաքագրել բոլոր նրանց, ովքեր պատրաստ են մտնել մահվան երախը ու կազմակերպել մահվանը հավասար ինքնապաշտպանություն․ և ո՞վ պետք է լիներ առաջին ցանկացողներից մեկը, եթե ոչ Վահանը։ Այստեղից է սկսվում նրա լեգենդը։ Հրետանու, աթս-ների ինտենսիվ կրակից վիրավորում ստացած 4 զինվորներից 2-ին նա է հանում մարտի դաշտից ու տեղափոխում անվտանգ վայր։ Այդտեղ նրան է մոտենում սպաներից մեկն ու առաջարկում, որպեսզի կրակից ու ահասարսուռ տեսարաններից ընկճված զինվորներին դուխ տա ու ոգևորի։ Կարճատև զրույցից հետո նահանջած զինվորների հետ նա նորից վերադառնում է ճակատ ու շարունակում մարտը։ 23 օր շարունակ թշնամին ամենահուժկու միջոցներն է գործի դնում, որպեսզի ճեղքում կատարի, սակայն Վահանենց դիրքը մնում է անսասան։ Այդ ընթացքում նա ոչ միայն մի քանի աս*յար է ուղարկում այն աշխարհ, այլև մարտի դաշտից կարողանում է հանել մեկ տասնյակից ավելի վիրավոր ընկերներին։ Մերոնք զոհեր են տալիս, զոհվում են դիրքի ինքնապաշտպանությունը կազմակերպող բոլոր սպաները ու երբ տղերքը հասկանում են, որ հրամանատարները զոհվել են, միանգամից ստիպում են Վահանին, որպեսզի նա իր վրա վերցնի հրամանատարությունը, մինչև որ նոր հրամանատարը կգա։

Ավելի քան մեկ շաբաթ նա է լինում հրամանատարը ու հոկտեմբերի 29-ին նրանց դիրք է բարձրանում նոր հրամանատար սպան։ Անձնակազմի հետ զրույցի ընթացքում էլ տեղի է ունենում չարաբաստիկ դեպքը, երբ թշնամու աթս-ն հասցնում է հարվածը։ Զգալով, որ խույս տալն անհնար է՝ Վահանը մարմնով ծածկում է մեկ այլ զինվորի ու ստանում առաջին վիրավորումը։ Աջ ձեռքի մատները կտրվում են ու ծնկից խորը վիրավորում է ստանում։ Դրանից հետո նա չի ենթարկվում ներքև իջնելու պահանջներին։ «Կրակել չեմ կարող, բայց վիրավոր հանել հո կարող եմ» ասում է նա, սակայն արյունահոսող վերքն ու ընկերների խնդրանքները ստիպում են նրան իջնել հոսպիտալ, բուժվել։ Աբաջյան Ռոբերտի հայտնի պատգամը թողնելով՝ նա խոստանում է կրկին վերադառնալ․․․սակայն․․․եկած շտապ օգնության մեքենան, որի ներսում վիրավոր 9 զինվորի հետ նաև Վահանն էր, 500 մետր դիրքից հեռանալուց հետո՝ ենթարկվում է աթս-ի հարվածին երկրորդ անգամ։ Փրկվում են միայն վարորդն ու կողքին նստած սպան։

Այս անգամ արդեն, Վահանը չի վերադառնում դիրք․․․

Այս ամենը պատմել են բոլոր նրանք, ովքեր եկել էին առյուծի հոգեհանգստին․․․բոլոր նրանք, ովքեր ողջ էին մնացել նրա շնորհիվ․․․մեկին մարմնով էր փակել, մյուսներին՝ հանել մարտի դաշտից, երբ վիրավոր էին, մյուս խմբին ոգևորել էր ու ոգի էր տվել, սպան, ում համար նա իսկական հենարան էր եղել․․․Նա Վահանն էր, լեռնցին, սպիտակցի հերոսը, ով հավերժություն կերտեց։

Վահան Խաժակի Սողոմոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Արիության համար», «Գթության մայր», «Տիգրան Մեծի անվան» մեդալներով․ ներկայացված է «Մարտական Խաչի» ասպետի շքանշանի։

Ճանաչենք նրանց՝ մեր անմահներին, մեր՝ հավերժության մեջ ապրող առյուծասիրտներին։ Նրանք ՀԱՅ են, մենք նրանց ՑԵՂՆ ու ԶԱՐՄՆ ենք․․արժանի լինենք նրանց։

Վահանը ննջում է Սպիտակ քաղաքի 44-օրյա պատերազմի զոհերի պանթեոնում։

20 տարեկանում նա մի ողջ հավերժություն կերտեց․․․նա մինչև հիմա ու մինչ հավերժություն չհանձնեց իր դիրքը․․Վահանը հաղթեց․․իր կռվում նա անպարտելի մնաց մինչև հավերժություն․․․»

Գագիկ Ասատրյանի ՖԲ էջից

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ