Դատավոր Ալեքսանդրա Հարությունյանը վճռել է «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ի հայցը բավարարել՝ անվավեր ճանաչել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 04.06.2021թ. «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթող ճանաչելու և լիցենզիա տրամադրելու մասին» թիվ 93-Ա որոշումը:
Սույն որոշումը ՀՌՀ-ն և Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը բողոքարկել են նախ վերաքննիչ վարչական դատարան, ապա նաև Վճռաբեկ դատարան, սակայն Վերաքննիչը անփոփոխ է թողել դատարանի որոշումը, իսկ Վճռաբեկը մերժել է վարույթ ընդունել բողոքը, ինչը նշանակում է, որ դատական պրոցեսն ավարտվել է և սկզբնական վճիռը մտել է ուժի մեջ, այսինքն՝ անվավեր է ճանաչվել ՀՌՀ որոշումը։
Այս որոշումը վերաբերում է հետևյալին. Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթին մասնակցելու համար 2021 թվականի ապրիլի 4-ին ՀՌՀ հայտեր էին ներկայացրել «Փաստինֆո» ՍՊԸ-ն, «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն և «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն:
ՀՌՀ-ն հունիսի 4-ի իր որոշմամբ մրցույթում հաղթող էր ճանաչել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությանը և նրանց տրամադրել է Երևան քաղաքի տարածքում հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա:
Հիմք ընդունելով վարչական դատարանի 2021 թվականի օգոստոսի 25-ի վճիռը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտարարել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթ:
Նկատենք, որ այս որոշումը չի վերաբերում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի հունվարի 15-ի որոշմանը, որով Հայկական երկրորդ հեռուստաալիքը զրկվել էր վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնելու հնարավորությունից, ինչի համար ևս դատի էր տվել ՀՌՀ-ին:
ՀՌՀ հունվարի 15-ի որոշմամբ Հանրապետական սփռման 5 սլոթերի համար առավելագույն միավոր էին հավաքել և հեռարձակման իրավունք էին ստացել «Արմենիա TV»-ն, «Երկիր մեդիա»-ն, «Շանթ» ՍՊԸ-ն, ATV-ն և «Կենտրոն TV»-ն։
Իսկ ահա հանրապետական սփռման ալիքների շարքից դուրս էին մնացել «5-րդ ալիքը», «Հայկական երկրորդ հեռուստաալիքը», «Արմնյուզ»-ը, «Ա1+»-ը և Freenews ՍՊԸ լրատվական կայքը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը