06 07 2022

ՊԵԿ-ը բացահայտել է խաղատան ապօրինի գործունեության դեպք



Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն օրերս բացահայտել է խաղատան ապօրինի գործունեության հերթական դեպքը: Մասնավորապես, վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի Շենգավիթ համայնքի վարչական տարածքում գործում է ընդհատակյա խաղատուն: Գաղտնի և ծածկագրված եղանակներով, Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն իրականացրել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ և հանգամանքներ, որ Երևանի Բագրատունյաց փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում Երևանի բնակիչներ Ա. Խ.-ի և Ա. Մ-ի կողմից փաստացի կազմակերպվել և իրականացվել է դրամական շահման հնարավորությամբ, խաղարկողի մասնակցությամբ «պոկեր» տեսակի թղթախաղ` «կենդանի խաղ», որը «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքով հանդիսանում է խաղատնային գործունեություն:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ խաղատունը շաբաթվա ընթացքում գործել է հիմնականում երկու օր և միայն գիշերային ժամերին: Քանի որ խաղատունը գործում էր ընդահատկյա, պատահական այցելուներ խաղատան տարածք մուտք գործել չէին կարող: Ընդ որում, խաղատան գործունեությունն իրականացվել է նախապես մշակված սցենարով: Կազմակերպիչները խաղի մասնակիցներին և խաղարկողին նախապես տեղեկացնում էին կայանալիք խաղի և մասնակիցների կազմի մասին, և անձամբ հրավիրում նրանց խաղին մասնակցելու:

Դեպքի առթիվ, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախապատրաստ­­ված նյութերի հիմքով, ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Խաղատան կազմակերպիչների ապօրինի գործունեության արդյունքում պետությանը պատճառված վնասը կազմել է 5 միլիարդ 500 միլիոն դրամ: Միջոցներ են ձեռնարկվում խաղատան գործունեության ընթացքում ներգրավված անձանց շրջանակը պարզելու, պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու ուղղությամբ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ