15 06 2022

Իշխան Սաղաթելյանի ելույթը Ֆրանսիայի հրապարակում



Իշխան Սաղաթելյանի ելույթը՝ Ֆրանսիայի հրապարակում հունիսի 14-ին տեղի ունեցած հանրահավաքում․

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր այստեղ ենք մի շարք կարևոր հարցերի պատասխանելու, որոշումներ ընդունելու համար։ Միասին։

Այդ որոշումները պետք է ապահովեն մեր Շարժման հետագա ընթացքը, զարգացումը, նպատակների վերջնական իրագործումը։ Նպատակը նույնն է՝ կանխել Արցախի հայաթափումը և Հայաստանի թուրքացումը, չեզոքացնել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգները, իսկ դրան հասնելու համար նախ պետք է հեռացնել չարիքի իշխանությանը, ձևավորել ազգային  իշխանություն, որը կկասեցնի պետականության կործանման այս ընթացքը, որը կապահովի երկրի սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը, կհաստատի արժանապատիվ խաղաղություն, պետականությունը կվերադարձնի ժողովրդին, Հայաստանը կդարձնի արժանապատիվ և բարեկեցիկ  երկիր: Ուստի շարժման նպատակը և առաքելությունը սրբազան են, ու քանի դեռ վերը նշված հարցերը չեն լուծվել, շարժումը դադար չունի:

Բայց սկզբի համար պետք է հասկանանք, թե ինչ ունենք այս փուլում, որտեղ ենք հասել, ինչ բացթողումներ և ձեռքբերումներ կան, որոնք են ստեղծված իրավիճակի առանձնահատկությունները։

Սիրելի՛ հայրենակիցներ, կարևոր է հասկանալ, թե այս ընթացքում ինչ է արել այս հրապարակում կանգնած յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացի։ Ես այստեղ ուզում եմ շատ անկեղծ լինել։

2021թ. ընտրություններից հետո Հայաստանում ստեղծվել էր մի վիճակ, երբ երկրի գլխավոր պաշտոնը զբաղեցնող անձը երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից շարունակ նվաստացնում էր Հայաստանն ու Արցախը, նվաստացնում էր հայ մարդուն,  բայց դրան չէր հետևում հանրային արձագանք, ավելին` նա ասում էր, որ դրա համար ժողովրդից մանդատ ունի:

Մենք ունեինք մի վիճակ, երբ միջազգային գործընկերները կարծում էին, թե Հայաստանում վարվող քաղաքականության հանդեպ չկա դիմադրություն։

Մենք ունեինք մի վիճակ, երբ Հայաստանից լսվում էր միայն ամոթի և պարտության ձայնը։ 

Եվ ի՞նչ ունեցանք մենք հիմա, մեր այս օրերի արձանագրած արդյունքները՝   

  1. Լաոն՝ հասարակությունը զարթնեց։ Միայն պետական կուրությամբ տառապողը կարող է սա չնկատել։ Վերջնականապես փակվեց այն հարցը, թե  Արցախի և Հայաստանի անվտանգությունը հետաքրքրում է հանրության փոքր շերտերին: Մենք այդ հարցին հստակ պատասխանեցինք: Այս օրերին հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց: Եթե մինչ այդ մարդիկ հուսահատված էին, որ իրենք քիչ են, համախմբված չեն, ապա շարժումը համախմբեց մեր հանրության լայն շերտերին։ Մենք՝ բոլորս միասին, համոզվեցինք, որ մենք հզոր ուժ ենք և կարող ենք իրավիճակ փոխել։   
  1. Միջազգային հանրությունը հասկացավ, որ այստեղ կա արժանապատիվ ժողովուրդ, որին չի կարելի ցանկացած լուծում ու զիջում պարտադրել։

    

  1. Ձևավորվեց ազգային գաղափարի շուրջ լայն համախմբում՝ հանրային տարբեր շերտերի ու շրջանակների աջակցությամբ։ Այս հրապարակը այլևս գործոն է
  2. Թե՛ երկրի ներսում, թե՛ արտաքին աշխարհի համար փաստվեց, որ օրվա իշխանությունները չունեն երկիրը նոր զիջումների տանելու` ժողովրդի մանդատը:

    

  1. Ամբողջությամբ կազմաքանդվեցին գործող իշխանության քաղաքական և սոցիալական հիմքերը։ Իշխանության միակ հենարանը մնացել է ՔՊ-ական նեղ շրջանակը և ոստիկական բիրտ ուժը։
  2. Հանրային խոսույթում վերջնականապես ձևավորվեցին այն առաջնահերթությունները, որոնք պետք է ընկած լինեն հայկական պետականությունների հիմքում։
  3. Որքան էլ վարչախումբը հետպատերազմական ժամանակաշրջանում փորձեց հանրությանը տրամադրել նոր պարտության և աշխարհին համոզել, թե հայերը հաշտվել են տեղի ունեցածի հետ, մենք մեր շարժումով հակառակն ապացուցեցինք: Մենք ցույց տվեցինք, որ ունենք մեր 5000-ամյա երթը շարունակելու կամք, վճռականություն  և ներուժ։ 

 

     Հայ ժողովուրդը սկսեց հաղթահարել պատերազմում ջախջախիչ պարտության  հոգեբանական հետևանքները և կրկին բարձրաձայնել իր ազգային պահանջները։

  1. Գծվեց հստակ ջրբաժանը, մեր ժողովրդի 90 տոկոսը բացահայտ հայտարարել է՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

 

  1. Շարժումն առնվազն այս պահին առնվազն կանխեց և խախտեց նոր կապիտուլյացիա ստորագրելու ժամանակացույցը, և դրանով է պայմանավորված Ալիևի  վախերը:

 

  1. Մեր շարժումը սկսեց ոտքի հանել արցախահայությանը, սփյուռքը ևս ոտքի կանգնեց: Հայաստան-Արցախ –Սփյուռք եռամիասնությունը վերականգման փուլում է:

 

  1. Քաղաքական ճգնաժամը դրսևորված է և փաստ, որքան էլ փորձեն այն քողարկել, սա այլևս իրականություն է: Նիկոլի հեռացման հանրային պահանջը հստակ է և աներկբա։

 

Մի կարևոր ձեռքբերում ևս, որի մասին քիչ ենք խոսում։ Սիրելի՛ հայրենակիցներ, այս բոլոր օրերի ընթացքում, հենց այս հրապարակում, մեր աչքի առաջ, մեր ակտիվ մասնակցությամբ, ձեր նվիրվածության և կամքի շնորհիվ ձևավորվում և բյուրեղանում է ազգային ու պետական կորիզը։ Այս կորիզը դառնալու է նոր որակի հայկական պետականության հիմքը, այս կորիզը դառնալու է մեր պետության իմունիտետը, որը պաշտպանելու է մեզ ամեն տեսակ վարակներից ու հիվանդություններից։

Սիրելի՛ հայրենակիցներ, սրանք բոլորը ձեր ձեռքբերումներն են։  Ձեզանից յուրաքանչյուրն իր հավատով, նվիրվածությամբ, պայքարի ոգով, ինքնազոհաբերությամբ ու վճռականությամբ իրավիճակ փոխեց ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում, աշխարհասփյուռ հայերի շրջանում։ Սա մեծ աշխատանք է, որ մենք միասին արել ենք ու դեռ շարունակելու ենք և կրկնապատկելու, մինչև մեր հաղթական ավարտը։

Սակայն մեր գլխավոր խնդիրը շարունակում է մնալ չլուծված։ Հայաստանը դեռևս ղեկավարում է մեր բոլորի համար գոյաբանական վտանգ ներկայացնողը։

Այս օրերի ընթացքում մենք արել ենք ամեն ինչ, որ նա վերջապես հեռանա` դրանով հնարավորություն տալով Հայաստանին ու հայ ժողովրդին ապրելու: 

Ցանկացած այլ իշխանության համար եղածն ավելի քան բավարար կլիներ, որ հեռանար։ Սակայն սրանք կրկին փաստեցին, որ իրենց աթոռի համար պատրաստ են նոր արյուն թափել։

Սիրելի՛ հայրենակիցներ, մենք այս ողջ ընթացքում առաջնորդվել ենք բացառապես խաղաղ ակցիաներ իրականացնելու սկզբունքով։ Մենք հայտարարել ենք, որ չենք գնալու արյունահեղության ճանապարհով։ Մենք հայտարարել ենք, որ մեր հոգին չի փառավորվում ոստիկանին մահակներով հարվածելուց, արյունահեղություն կազմակերպելուց։

 

Եթե որևէ մեկը մեզ սրա համար պետք է մեղադրի վճռականության բացակայության մեջ, ուղիղ հայտարարում եմ` այո, մենք չունենք հայ սպանելու վճռականություն։ Մենք հեռացնելու ենք նիկոլին, հեռացնելու ենք հաստատ, բայց դա անելու ենք անարյուն։

 

Սիրելի՛ հայրենակիցներ, առաջին օրվանից մենք հստակ դրել էինք մեր նպատակը և ընտրել մարտավարություն, որը մեզ թույլ էր տալու կոնկրետ ժամանակամիջոցում հասնել այս նպատակին։ Ես պետք է արձանագրեմ, որ մեր պլանավորած քայլերը մենք իրականացրել ենք ամբողջովին։

Սակայն այս իշխանությունների բացառիկ լպիրշությունը, ցինիզմը, աշխարհաքաղաքական իրավիճակը իրենց ազդեցությունն են թողնում մեր ծրագրերի վրա ևս։

Ոստի մենք հիմա կանգնած ենք մարտավարության փոփոխության անհրաժեշտության առաջ։ Մեզ հարկավոր է ստեղծված նոր իրավիճակին համապատասխան մարտավարություն, որը թույլ կտա հասնել մեր վերջնական նպատակին։

Բայց, մինչ այդ, ուզում եմ խոսել նաև Շարժման բացթողումների մասին։

Առաջինը. պետք է արձանագրել, որ Նիկոլին չընդունող և մերժող մարդկանց թիվը շատ ավելի մեծ է, քան այս հրապարակում գտնվողներինը։ Մենք դեռ չենք կարողացել այդ բոլոր մարդկանց փողոցային պայքարի դուրս հանել, բերել այս հրապարակ։ Սա շատ կարևոր խնդիր է և մեր բացթողումներից մեկը։ 

 

Երկրորդը. դեռ կան մարդիկ, որոնք կարծում են, թե սա պայքար է իշխանության համար, պայքար է նախկինի վերադարձի համար։ Սա վկայում է, որ մենք չենք կարողացել երկրին սպառնացող վտանգները հստակ բացատրել մեր քաղաքացիներին։ Իհարկե, մենք պետք է նաև գիտակցենք, որ գործ ունենք պետական հսկա ռեսուրսի, օտարերկրյա ցանցերի քարոզչական համակարգերի հետ, որոնք անընդհատ խաբում և մոլորեցնում են մեր քաղաքացիներին։ Բայց, միևնույն է, մենք պետք է կարողանանք հաղթահարել նաև այդ արգելքը և ժողովրդին բացատրել այն վտանգները, որ կանգնած են յուրաքանչյուրիս առջև։ Սա եղել է մեր ամենամեծ բացթողումներից մեկը, որը պետք է արագ շտկենք։

 

Ունեցել ենք նաև կազմակերպական բնույթի խնդիրներ։ Ճիշտ է, այստեղ բավական լուրջ աշխատանք է արվել, 24 ժամյա ռեժիմով հսկայական գործ, բայց ակնհայտ է, որ թերացումներն էլ են շատ եղել։ Դրանք ևս առաջիկա օրերին պետք է արագ շտկենք։

Սիրելի՛ հայրենակիցներ, շարժան ներուժը մեծացնելու, աշխարհագրությունը ընդլայնելու, գործիքակազմը հարստացնելու, նոր մոտեցումներ որդեգրելու, հարթակը ընդլայնելու, հստակ գործողությունների ծրագրով պայքարը շարունակելու նոր հանգրվանի առջև ենք։ 

«Դիմադրության» շարժման ղեկավարները որոշել են․

Նախ անհրաժեշտ է որոշակի վերափոխման ենթարկել «Դիմադրություն» շարժման կառուցվածքը  և  մարտավարությունը՝ միաժամանակ կապիտալիզացնելով արձանագրած ձեռքբերումները։ 

Ըստ այդմ`

 

  1. Անհրաժեշտ է ինստիտուցիոնալ բնույթ հաղորդել շարժմանը՝ քաղաքական, կազմակերպական, քարոզչական աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար։
  2. Շարժմանը պետք է ցանցային բնույթ հաղորդել՝ կյանքի կոչելով տարածքային և ճյուղային կառուցվածքային միավորներ։

Սա իրենից ենթադրոմ է որ շարժումը ունենալու է ենթակառուցվածքներ, այսինքն` կոմիտեներ, ոլորտային հանձնախմբեր, սրանով մենք լուծելու ենք  քաղաքական, կազմակերպական, քարոզչական ուղղություններով կադրային ներուժը մեծացնելու,  նորանոր խմբերի ու կարող անհատների ընդգրկելով՝ շարժումը ավելի ընդլայնելու   և նոր ուժ տալու հարցը:

Իսկ հիմա, սիրելի՛ հայրենակիցներ, Շարժման առաջիկա անելիքների մասին։ Նախ` այս հրապարակում տեղադրված վրանների մասին։ Գիտեմ, որ այս թեմայով հարցադրումները շատ են, կարծիքներն էլ՝ տարբեր։ Բայց պարզ իրողություններ կան, որ պետք է հաշվի առնենք։ Եվ դրանցից ամենակարևորն այն է, որ ամեն բան պետք է շատ հստակ նպատակի ծառայի։

Մենք վրանային ավանը հիմնեցինք՝ մշտական գործող հավաքատեղ, հասցե և դիմադրության առաջին օջախ  ունենալու համար։ Մենք այդ խնդիրը լուծել ենք գիշեր-ցերեկ այստեղ հերթապահություն իրականացնող մեր գաղափարակից ընկերների, բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ։

Ֆրանսիայի հրապարակն այլևս դիմադրության շարժմանն է պատկանում։ Անկախ նրանից` այստեղ վրաններ կլինեն թե ոչ: Եվ ոչ միայն Ֆրանսիայի հրապարակը։ Մեր ժողովուրդն արդեն նվաճել է Հայաստանի բոլոր քաղաքների փողոցներն ու հրապարակները։ Այս ողջ ընթացքում մենք ցույց տվեցինք, որ մեզ համար փակ փողոցներ գոյություն չունեն, այս պահի դրությամբ կարող ենք վստահ պնդել, որ վրանային այս ավանը լիարժեք կատարել է իր գործը, որի համար շնորհակալ և երախտապարտ եմ այստեղ հերթապահած մեր բոլոր արժանապատիվ ընկերներին։ Դուք նվիրյալներ եք և անգնահատելի գործ եք արել, բայց հիմա ձեր ներուժը մեզ այլ տեղերում է պետք:

 Մենք առաջարկում ենք, հաշվի առնելով նաև մեր առաջիկա մարտավարությունը,  վաղվանից  հավաքել այս վրանները, բայց միշտ նկատի ունենալով, որ ցանկության և անհրաժեշտության դեպքում վրանային ավանը կրկին կվերականգնվի այս և ցանկացած այլ հրապարակներում։ Ես գիտեմ, որ Մեր պայքարի ընթացքում մեր վրանների ավանը լրջագույն հարց է լուծել, բայց մեր պայքարի հետագա արդյունավետությունը վրաններով պայմանավորված չէ։ Ես գիտեմ, որ տարբեր խոսակցություններ ե առաջանալու, բայց կրկնում եմ՝ մեր հետագա պայքարի արդյունավետությունը վրաններով պայմանավորված չէ․ ովքեր հակառակն են մտածում, առաջիկա օրերին կհամոզվեն դրանում:

Շարժման անելիքները և դրանց ուղղված գործնական քայլերը պետք է բխեն առաջադրված նպատակներից ու խնդիրներից։ 

Շարժման հետագա ծավալման արդյունքում պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի՝

ա) կանխենք կենսական զիջումներ պարտադրող կապիտուլյացիոն նոր պայմանագրի ընդունումը՝ բացառելով առանց ժողովրդի անմիջական մասնակցության որևէ համաձայնության կայացում,

բ) հասնենք Նիկոլի հեռացմանը՝ հրաժարականի կամ  պաշտոնանկության միջոցով։ 

Պայքարը այս երկու ուղղություններով պետք է ընթանա զուգահեռ և լինի փոխլրացնող։

Շարժման որակական և քանակական մակարդակն է, որ, ի վերջո, կանխորոշելու է մեր պայքարի արդյունավետությունը։ Հետևաբար, թիրախային, հստակ պլանավորված քայլերով և գործողություններով պայքարը պետք է շարունակվի՝ որոշակի փոփոխություններ կատարելով պայքարի ձևերի ու եղանակների մեջ։ 

Այս առումով առաջիկա մեր անելիքներն ու գործնական քայլերը միտված են լինելու հետևյալին.

  1. Ամենշաբաթյա միջոցառումներ, այդ թվում՝ փողոցային ակցիաներ, ոլորտային և թեմատիկ խնդիրների մասնագիտական քննարկումներ, ժողովրդային հանդիպումներ, շաբաթական առնվազն 1 մարզային այց, 1 մեծ հանրահավաք և փողոցային ակցիաներ:
  2. Շարժման տարածքային և ճյուղային ստորաբաժանումների ձևավորում, այդ թվում` Արցախում և Սփյուռքում:
  3. Հանրության լայն շերտերի, այդ թվում` գիտական, կրթական, հոգևոր-մշակութային, գյուղացիության, բիզնես շրջանակների, երիտասարդության հետ հետևողական աշխատանք:
  4. Հստակ չափորոշիչների վրա հիմնված կադրային բանկի ձևավորում, հատկապես` նոր սերնդից, նաև Սփյուռքի մասնագիտական ներուժի ներգրավմամբ։
  5. Մարզերոմ շարժման կորդինացիոն խորհուրդների ձևավորում:
  6. Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների հետ ծրագրավորված աշխատանքներ։
  7. Ապօրինաբար ձերբակալված և կալանավորված` շարժման մասնակիցների իրավունքների պաշտպանության ուղղությամբ հետևողական քայլերի ձեռնարկում։

 

Փողոցային պայքարը շարունակվում է փոքր-ինչ այլ ինտենսիվությամբ, բայց, դրան զուգահեռ գիշեր-ցերեկ քայլեր ենք ձեռնարկում Շարժումը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ընդլայնելու ուղղությամբ։

 

Սակայն պետք է պատրաստ լինենք, որ առաջիկայում կարող են տեղի ունենալ շատ վճռորոշ զարգացումներ, և Շարժումը պետք է ունակ լինի օպերատիվ ու արագ արձագանքի և հակազդելու, ունենա համապատասխան լծակներ ու հնարավորություններ: Ըստ այդ զարգացումների` մենք կարող ենք կրկին վերադառնալ 24 ժամվա ռեժիմի:

 

Միաժամանակ, մեր հիմնական օրակարգում պահելով Նիկոլի հրաժարականի հարցը, հարկ է նկատի ունենալ, որ օգոստոսի 2-ին լրանում է նրա պաշտոնավարման մեկ տարին, և նրան աթոռից հեռացնելու մեր գործիքակազմին ավելանում է ևս մեկը։ Հետևաբար, երկու ուղղություններով նախապատրաստական աշխատանքներ սկսելու հարց ունենք՝

  1. պաշտոնանկության հիմքերի ամբողջացում (իրավական-քաղաքական), դրա հանրային համաժողովրդական պահանջի դրսևորում,
  2. ժողովրդի կողմից վարչապետի թեկնածուի առաջադրում՝ ի բավարարումն օրենքով սահմանված`  անվստահություն հայտնելու նախապայմանի։

Այս մասին, սակայն, ավելի մանրամասն ու հանգամանալից խոսելու առիթ դեռ կունենանք: 

 

Սիրելի՛ հայրենակիցներ, պատասխանատվության մասին։ Շատ է խոսվում` ով կամ ովքեր են այս շարժման պատասխանատուները, որոշումներն ինչպես են կայացվում, չհաջողելու դեպքում ով է պատասխանատվություն կրում։ Նախ` չհաջողելու տարբերակ չունենք, և բոլոր նրանք, ովքեր արդեն նշանակել են մեղավոր և պատասխանատու, նրանց խոր հիասթափություն է սպասվում։ Թող գնան և պատռեն այդ տեքստերը և ուրիշ բան մտածեք։ Այս շարժումը չհաջողելու տարբերակ չունի։

Առաջին օրվանից այս հարթակից ասել ենք, որ մենք այս Շարժման և՛ զինվորն ենք, և՛ առաջամարտիկը, ամբողջական պատասխանատվություն ենք կրում այս գործընթացների համար, այդ պատասխանատվությունն է մեզ բերել այս հրապարակ։ Այդ պատասխանատվությունն ունի հասցե և անուն-ազգանուն, մենք, իսկ տվյալ դեպքում`  ես և՛ քաղաքական, և՛ անձնական պատասխանատվություն ունեմ այս շարժման ելքի համար:

Իմ համար ավելի մեծ պատասխանատվություն, քան այս հրապարակում հերոս կորցրած ծնողների աչքերին նայել և այս պայքարը առաջ մղել, գոյություն չունի։ Ես պատասխանատու եմ ամեն օր այս հրապարակ եկող 80-ամյա պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանի առջև։ Նրանից այն կողմ պատասխանատվություն չկա։ Ամեն անգամ, երբ նայում եմ նրա աչքերին, տեսնում նրա պայքարը… Իհարկե, պատասխանատու եմ նրա առջև, նրա նման հարյուրավորների առջև։ Դրանից մեծ պատասխանատվություն չկա։ 

Այդ պատասխանատվությունն է մեզ բերել հրապարակ, ու դա տանելու ենք մինչև վերջ և պատվով։

Ուզում եմ խոսել նաև մեր բանտարկված ընկերների մասին։ մենք իրենց տեր ենք ոըւ իրենց կողքին ենք։ Իրենք մի ուղերձ ունեն՝ պայքարը տանել մինչև վերջ։

Այո, ճիշտ է, նրանք այսօր բանտարկված են, բայց ձեզ վստահեցնում եմ՝ նրանք շատ ավելի ազատ են, քան ԱԺ-ում նստած` Նիկոլի որոշ ուսապարկերը, կառավարական շենքերում դրված նախարարները և նույնիսկ իրենց վրա ճաղավանդակի դուռ փակող քննիչները, դատավորներն ու ոստիկանները։

Այս հրապարակից բոլորին կոչ եմ անում, բոլոր նրանց, ովքեր կիսում են մեր օրակարգը, բայց մեզ հետ չեն՝ միացե՛ք մեր պայքարին։ Կամ ստեղծեք պայքարի ձեր օջախները։ Մենք ձեզ միայն աջակցելու ենք։ Մենք պատրաստ ենք օգնել ցանկացած նախաձեռնության, ցանկացած խմբի կամ ուժի, որը կիսում է ժողովրդի օրակարգը՝ հայ մնալու օրակարգը, Արցախը հայկական պահելու օրակարգը, Հայաստանն ինքնիշխան պահելու օրակարգը։ Այո, մենք պատրաստ ենք աջակցել բոլոր նրանց, ովքեր կարող են պայքարել առանց Նիկոլ Հայաստան ունենալու համար, բայց ինչ-որ պատճառով այս հարթակում չեն։

Սիրելի՛ հայրենակիցներ

Սա նաև լույսերի շարժում է։ Վսհահեցնում եմ՝ լույսը հաղթելու է չարիքին ու խավարին։ Ժողովուրդը հաղթելու է, նիկոլիզմը սրբվելու է մեր երկրից։ Մենք վերագտնելու ենք մեր արժանապատվությունը։ Հայաստանը, ինչպես այս հրապարակում է, դառնալու է ձեզ նման եղբայրների ու քույրերի երկիր։ Հայաստանը դառնալու է ուժեղ, արդար երկիր։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ