«Փաստ» օրաթերթը գրում է
1988 թվականին սկսվեց Արցախյան շարժումը, որի կարևոր բաղկացուցիչները հանրահավաքները, ցույցերը, երթերը, ինչպես նաև նստացույցերն ու հացադուլներն էին, որոնցով ժողովուրդն իր անհամաձայնությունը, բողոքն ու պահանջն էր ներկայացնում։ Իրենց ձայնը լսելի դարձնելու, ԽՍՀՄ-ի և ամբողջ աշխարհի ուշադրությունը Ղարաբաղյան հարցի ուղղությամբ բևեռելու նպատակով այդ օրերին մի շարք հայտնի գործիչներ ու անվանի մտավորականներ գնացին ծայրահեղ քայլերի: Ավելին, մեր մտավորականներից մի քանիսը նույնիսկ հացադուլ հայտարարեցին։ Նրանց շարքում էին մեծ դերասան և հայ կինոյի նահապետ Սոս Սարգսյանը, 80-ամյա մեծանուն գիտնական Վիկտոր Համբարձումյանը, որի ինքնազգացողությունը վատացավ հացադուլի իններորդ օրը: Շուտով նրանց հետևեցին մտավորականներ ոչ միայն Հայաստանում ու Արցախում, այլև աշխարհի այլ երկրներում։
Մտավորականների հացադուլն, ի վերջո, մեծ ռեզոնանս ապահովեց, իսկ 20-օրյա հացացուլը նրանք դադարեցրին միայն Վազգեն 1-ին Վեհափառի միջամտությամբ, երբ հացադուլավորների կյանքին լուրջ վտանգ սպառնաց։ Մի խոսքով, հայտնի, ավելին՝ հանրահռչակ մտավորականները Արցախի հարցում իրենց քաղաքացիական դիրքորոշումն արտահայտեցին։ Այն էլ՝ տոտալիտար այնպիսի երկրում, ինչպիսին ԽՍՀՄ-ն էր, որտեղ, շատ մեղմ ասած, ամեն մեկը չէր կարող իրեն թույլ տալ անկաշկանդ կարծիք արտահայտել, քանի որ ազատ դիրքորոշումը կարող էր բռնաճնշումների և ծայրահեղ վատ վերջաբանի պատճառ դառնալ։
Բայց թե՛ Հայաստնում, թե՛ ԽՍՀՄ այլ հանրապետություններում կային իրապես մտավորականներ, որոնք հավատարիմ էին իրենց կոչմանը, որոնք չէին կաշկանդվում իրենց խոսքն ասելու և նույնիսկ ծայրահեղ քայլերի դիմելու հարցում։ Իսկ հիմա, երբ դարձյալ վտանգված են Արցախի ապագան ու նաև Հայաստանի սահմանները, առնվազն տարակուսելի է, որ մեր մտավորականության, այդ թվում՝ գիտնականների մի որոշակի հատված պարփակվել է իր «պատյանի» մեջ։ Ինչի՞ց կամ ի՞նչ կորցնելուց են այդ մարդիկ վախենում՝ իրենց կոչումնե՞րը, իրենց եկամո՞ւտը, ի՞նչ...
Օրինակ՝ կոչումները պետությունն է տալիս, վաղը-մյուս օրն էլ պետությունը կարող է դրանք հետ վերցնել մտավորականի կոչմանը հավատարիմ չլինելու, կոմֆորմիստության, քաղաքացիականության բացակայության համար: Ի վերջո, մտավորականը, գիտնականը միայն գրած ստեղծագործությունը, գիտական ուսումնասիրությունը, խաղացած դերը չէ, այլ տեսակը՝ բառիս բուն իմաստով: Իսկ անունը, իրական պատիվը հասարակությունից է գալիս, այն վաստակում են հենց պահվածքով և գործով, ու դա ոչ մի իշխանություն չի կարող հետ վերցնել։
Միգուցե նրանք իրենց աշխատանքը, մի քնի դրամը կորցնելու վտանգից են երկյուղո՞ւմ, բայց մի՞թե մի քանի հազար դրամը կամ որևէ «պաշտոն» ավելի կարևոր է, քան հայրենիքի հարցը, հայրենիքի ապագան։ Պատճառները շատ կարող են լինել, այդ թվում՝ վախը գործող իշխանություններից: Բայց, նորից կրկնենք, Վիկտոր Համբարձումյանն ու Սոս Սարգսյանը քաղաքացիականություն էին դրսևորում ԽՍՀՄ-ում, որը հազիվ թե համեմատելի է ներկայիս հետ, որքան էլ ներկա իշխանություններին տոտալիտարիզմի ջատագով համարենք:
Նման համեմատությունը հաստատ ծիծաղելի կլինի: Հանրության ինտելեկտուալ սերուցքը մտավորականությունն է, որի պարտքն է ուղղակի իր քաղաքացիական դիրքորոշումն արտահայտել՝ ընդ որում, կարևոր չէ, թե ինչպիսին կարող է լինել այդ դիրքորոշումը։ Կարելի է կանգնել և հայտարարել, որ, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ ճանապարհով է գնում, նա փրկիչ է, ինչ անում է, լավ է անում: Կամ՝ ճիշտ հակառակը։ Կարևորը սեփական կարծիք, սեփական տեսակետ ունենալն է: Ամորֆությունը, անդեմությունը, կոմֆորմիզմը որևէ մեկին, առավել ևս՝ մտավորականին պատիվ չի բերում...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը